Այսօր կարող եմ ասել, որ Զանգեզուրի միջանցքն իրականություն է դառնում.Իլհամ Ալիև
Տարածքների ազատագրումից անմիջապես հետո սկսեցինք վերակառուցման լայնածավալ աշխատանքները, և արդեն ունենք առաջին արդյունքները։ Ադրբեջանը, հենվելով միայն իր ֆինանսական ռեսուրսների վրա, զրոյից նոր քաղաքներ ու գյուղեր է կառուցում։ Այս տարի պետբյուջեից այդ նպատակների համար հատկացվել է 1,3 մլրդ ԱՄՆ դոլար։ 2022 թվականին այս աշխատանքների համար նույնպես միջոցներ կհատկացվեն առնվազն նույն չափով։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) XV գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ։
«Ազատագրված Ղարաբաղը և Արևելյան Զանգեզուրը հայտարարել եմ կանաչ էներգիայի գոտի, ազատագրված տարածքների հաստատված ներուժը կազմում է 7200 մեգավատ արևային և 2000 մեգավատ քամու էներգիա։
Տնտեսական համագործակցության կազմակերպության վերջին գագաթնաժողովում ես իմ գործընկերներին տեղեկացրել եմ Զանգեզուրի միջանցքի մասին։ Այսօր կարող եմ ասել, որ Զանգեզուրի միջանցքն իրականություն է դառնում։ Այս նոր տրանսպորտային ենթակառուցվածքը կդառնա Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջանցքների կարևոր մասը։ Վստահ եմ, որ ԷԿՕ անդամ երկրները կօգտվեն այս միջանցքից»,- հավելել է պետության ղեկավարը։