Նիկոլ, Արցախն իմ որդու զավակին է պատկանում, և մենք կռիվ ենք տալու Արցախի համար, մտքովդ չանցնի, թե Արցախը հանձնելու ես. Կարին Տոնոյան
Մեծ բան էր այն տղաների արարքը, ովքեր գնացին և իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի, և այսօր մենք պարտականություն ունենք նրանց զավակներին պատասխան տալու, որովհետև նրանց զավակները վաղը հարցնելու են՝ իսկ որ մեր հայրիկները չկան, Արցախը կա՞։ Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում Ազատագրական շարժման հանրահավաքի ժամանակ ասաց շարժման անդամ Կարին Տոնոյանը։
Նրա ելույթը մասամբ՝ ստորև.
«Նիկոլ, լսիր, այդ պատասխանը դու խլել ես մեզանից։ Գողացել ես մեզանից այդ պատասխանը, դու մեզ հնարավորություն չես թողել, որպեսզի մենք համարձակություն ունենանք նայելու մեր թոռների աչքերին և դրա համար դու պատասխան ես տալու։
Երեկ նայում էինք, թե ինչպես է մեր երկրի ճակատագիրը որոշվում օտար երկրում, օտար քաղաքում, և այդ երկրի ճակատագիրը կանգնած որոշում էր մի մարդ, որը կանգնել էր ինքն իր երկու մատները բռնած, որը նշանակում է՝ ինքն իրենից խռով է, անվստահ, անընդհատ ոտքերը շարժող, որը նույնպես հուշում է, որ դասը չի սովորել, չգիտի, թե ինչ պատասխանի, ցանկացած մանկավարժ գիտի սա։ Եվ ներկայցնում էր մի ամբողջ ժողովրդի, ամբողջ աշխարհում սփռված ժողովրդի է նա ներկայացնում։ Մենք ո՞նց եք սա թույլ տվել, ժողովուրդ։ Երեկ մի ամբողջ ազգ նստած՝ լարված նայում էր, ու համոզված եմ՝ բոլորը, անգամ նրա ընտանիքի անդամներն ամաչում էին նրա տեսքից։
Երեկվա բանակցությունները ցույց տվեցին, որ հերթական անգամ մեզ համար բացեցին միայն վարագույրը և ցույց տվեցին փափուկ բարձը, իսկ թաքցրած ռումբերը մնացին ետնաբեմում, դրանք մի օր պայթելու են։ Այդ փաստաթուղթն իր մեջ ահավոր վտանգներ է ներկայացնում, դա գիտակցում է ձեզանից յուրաքանչյուրը, դրա համար գիտնական լինել պետք չէ, փաստաթուղթը մեկ անգամ կարդալով՝ հասկանում ենք, որ նա առանց ձայնի զիջեց Արցախը, որ Ալիևի համար արդեն միայն Ղարաբաղ բառ կար։
Նիկոլ, Արցախն իմ որդու զավակին է պատկանում, և մենք կռիվ ենք տալու Արցախի համար, մտքովդ չանցնի, թե Արցախը հանձնելու ես։ Իսկ որպեսզի մենք հաղթենք, մի տարբերակ կա միայն, և որևէ մեկը չփորձի հանկարծ ասել, թե ինքը գիտի ուրիշ ճանապարհ, այդ ճանապարհը համախմբումն է, և դավաճան է լինելու նա, ով չի համախմբվելու։ Ուստի, շատ լավ գիտակցելով, որ այդ ճանապարհը համախմբումն է, մենք հենց այսօվանից, նշեմ, որ այսօր երեկոյան արդեն ունենք հանդիպումների տարբեր քաղաքական ուժերի հետ, սկսում ենք բանակցությունների շարքը, որպեսզի վերադառնանք այստեղ բոլորով։
Ես այս ամբիոնից դիմում եմ նաև մեր հոգևոր առաջնորդներին՝ խնդրում եմ, պարտադրում ու պահանջում եմ ձեզանից՝ դուրս եկեք, առաջնորդեք ձեր ժողովրդին։ Եթե կաթողիկոսը չլիներ 18 թվականին, Սարդարապատ չէր լինելու, և ուրեմն մենք այստեղ ենք և վաղը մենք գալու ենք Էջմիածին՝ ձեզ հետ հանդիպման, հոգևոր հայրեր»։