Ինչու են աղմկում Մակին ու Պելեն. Արմեն Ներսիսյանի ու Մարկոս Հարությունյանի մութ գործարքը՝ քաղաքապետի դեմ
Արդեն տևական ժամանակ, Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Մարկոս Հարությունյանն ու Արմեն Ներսիսյանը խոսքները մեկ արած՝ անդադար պտտվում են մեկ հարցի շուրջ և այդ մեկ հարցի անունը՝ «աղբահանություն» է:
Իհարկե, այս խնդիրը վերջնականապես քաղաքում հանգուցալուծված չէ, բայց ասել, թե այսօր Երևանի թիվ մեկ խնդիրը աղբահանությունն է, մեղմ ասած, անկեղծ չենք լինի: Հատկապես այն դեպքում, երբ վերջին շրջանում, մայրաքաղաքի որոշ հատվածներում աղբամաններն ընդհանրապես չեն հասցնում լցվել:
Այդ համատեքստում արդեն, հիշյալ պարոնների շահագրգռվածությունը ինչ-որ տեղ կասկածելի է թվում: Խնդրին անդրադառնալով, NEWSPRESS.am-ը փորձեց իր փոքրիկ «հետաքննությունն» անել...
Մեր ստացած տեղեկությունների համաձայն` Աջափնյակի բնակիչ ու նույն տարածքից ընտրված Մակի մականվամբ Մարկոս Հարությունյանը շատերին է խոստացել, թե կօգնի ապօրինի շինությունների համար քաղաքապետարանից թույլտվություն ստանալու հարցում:
Սակայն նրան ոչ միայն չի հաջողվել այս հարցում «լեզու գտնել» քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, այլև Մարկոս Հարությունյանի խոստումների հույսով սպասող շատ ապօրինի շինություններ քանդվեցին հենց նույն քաղաքապետի հրամանով:
Ապօրինի շինությունների քանդման հողմապտույտի մեջ ընկավ անգամ ԲՀԿ շտաբը, քանի որ այն նույնպես կառուցապատման թույլտվություն չուներ:
Ու քանի որ քաղաքապետի հետ «գործարքը տապալվել» է, ուստի Մարկոս Հարությունյանը որոշել է հակահարված տալ՝ աշխատելով քաղաքապետի ու քաղաքապետարանի դեմ...
Նրան այս հարցում օգնության է հասել նաև Պելե մականվամբ Արմեն Ներսիսյանը, բայց իհարկե՝ ո՛չ գեղեցիկ աչքերի համար... Պարոնների բունտն ինքնանպատակ չէ...
Շրջանառվում են լուրեր, որ Մակին ու Պելեն համագործակցում են ՔՊ-ական պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի հետ, ով հայտնի է Գռզո մականվամբ:
Նույն տեղեկությունների համաձայն՝ Արմեն Ներսիսյանն ու Մարկոս Հարությունյանը հանդիպել են Սուքիասյանի մերձավորներից մեկին, ով նրանց քաղաքապետարանում բարձր պաշտոնի տեքսով «ապագա է» խոստացել, եթե զբաղվեն Հայկ Մարությանի սև փիառով...
Ու քանի որ ԲՀԿ-ական այս երկու պաշտոնյան այլևս հույսեր չեն կապում իրենց ծնած ու սնած ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ՝ ուրանալով նրա բարյացակամ վերաբերմունքն իրենց հանդեպ, շատ հեշտ «մութ» գործարքի են գնացել:
Մեզ հասած տեղկություններով՝ այս պարոններն իրենց «սիրտն են բացել» Սուքիասյանի մերձավորի մոտ՝ ասելով, թե ԲՀԿ-ն շանս չունի ու Ծառուկյանը չի մասնակցի հաջորդ ընտրություններին և պատրաստ են համագործակցության:
Իսկ թե ինչու են պարոններն սկսել աղբահանության խնդրից ու լծվել աղբահանության ՊՈԱԿ-ին քարկոծելու գործին, դա էլ իր բացատրությունն ունի:
Համենայնդեպս կան տեղեկություններ, որ չարաշահումների ու կոռուպցիոն ռիսկերի համար ՊՈԱԿ-ից հեռացված Արթուր Բաբայանը նրանց ընկերն է և հովանավորյալը...
Ինչ է արել Արթուրը...
Նա պարբերաբար, առանց ՊՈԱԿ-ի ղեկավարությանը տեղյակ պահելու, զբաղվել է կոմերցիոն տարածքների աղբահանությամբ, որն օրենքով անթույլատրելի է: Ասել է թե՝ առկա է օրենքի խախտում և ակնհայտ կոռուպցիա:
Բացի այդքան, նա իր հովանավորների պարտադրանքով, «Նոյ» գործարանում տեղադրել է աղբամաններ և իր մեքենաներով իրականացրել աղբահանություն, որը դարձյալ օրենքի խախտում է:
Իսկ երբ այս չարաշահումները բացահայտվել են, Երևանի ավանգանու անդամ, «հարգարժան» Ներսիսյան ու Հարությունյան զույգը գնացել է ՊՈԱԿ և սպառնացել, թե՝ եթե մեր ընկերոջը փորձեք հեռացնել, դուք ևս կհեռացվեք...
Նրանք իրնեց սպառնալիքները հասցրել են մինչև վարչապետի վերահսկողության վարչություն ու ԱԱԾ... Թեև ստուգումները ՊՈԱԿ-ում, այդպես էլ, ոչ մի թերություն չեն բացահայտել...
Բայց սրանք հանձնվողներից չեն, ու եթե մերժում են ու մոռանում ժամանակին իրենց ճանաչում բերած ԲՀԿ-ին ու նրա ղեկավարին, ապա թերևս պատրաստ են ամեն ստորաքարշ միջոցի...
Աղբահանության հետ կապված նրանց «ռմբակոծությունը» դեռ շարունակվում է, իսկ նրանց «քաջագործությունների» հետ կապված մեր հրապարակումները` ևս շարունակելի են...
Արմինե Մկրտումյան