Քաղաքացիները հնարավոր վճարի դեպքում կարող են անցնել ադրբեջանական մաքսակետերով․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վստահեցնում է, որ Սյունիքի մարզի որևէ համայնք շրջափակման մեջ չէ: Արմեն Գրիգորյանն այդ մասին ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան ճանապարհի խնդրահարույց հատվածում մաքսակետեր դնելուց հետո Սյունիքի մարզի բնակավայրերը չեն հայտնվի շրջափակման մեջ:
«Իհարկե, ճանապարհների որակը շատ բարձր մակարդակի չէ, բայց վերջին շրջանում լայնածավալ աշխատանքներ են կատարվել ճանապարհները գոնե գրունտային մակարդակում բարեկարգելու համար, այդ աշխատանքները շարունակվում են: Համոզված ենք, որ կունենանք ասֆալտապատ ճանապարհ»,- ասաց Գրիգորյանը:
Անդրադառնալով հարցին՝ հիմա ՀՀ քաղաքացին Գորիս-Կապան ճանապարհահատվածի ադրբեջանական հենակետերով ի՞նչ ընթացակարգով է անցնելու, Արմեն Գրիգորյանն ասաց, որ ընդհանուր առմամբ ճանապարհի այդ հատվածը յուրահատուկ կարգավիճակ ունի, Ադրբեջանը դեռ ընթացակարգի մասին չի տեղեկացրել։
«Բայց տրամաբանությունը հուշում է, որ կարող է վճար լինել, և քաղաքացիները, վճարելով, կարող են անցնել, բայց քանի որ մենք ունենք այլընտրանքային ճանապարհ, որն արդեն կառուցված է, Տաթև-Կապան ճանապարհն ամբողջովին վերանորոգված է, բացված է, ապա բնականաբար քաղաքացիների համար ամբողջովին հարմար է, որ օգատագործեն այդ ճանապարհը»,-ասաց նա։