Կոտայքի մարզում «Toyota»-ով վթարի է ենթարկվել Փաստաբանների պալատի փաստաբանը. նրան մոտ 250 մետր ձորից դուրս են բերել փրկարարները. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Երեկ՝ հոկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 29-ամյա Թեհմինա Սարգսյանը իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 27 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 250 մետր մի քանի պտույտ շրջվելով ու քարերին բախվելով՝ հայտնվել ձորում։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով Թ. Սարգսյանը, ում ձորից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 17 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ճոպաններով ու պատգարակով դուրս են բերել և մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային, ում բժիշկները նախ տեղում առաջ բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի հիվանդանոցներից մեկը։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Մայիս Բադոյանն ու Ավետիք Ավետիսյանը։ Փաստի առթիվ Ա. Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Թ. Սարգսյանը ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան է։