Երևանյան լճի մոտ բախվել են «Mercedes» մակնիշի 2 մեքենա. կան վիրավորներ
Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։50-ի սահմաններում Երևանյան լճի հարևանությամբ բախվել են 29-ամյա Արթուր Հակոբյանի վարած Mercedes E240 մակնիշի և 37-ամյա Հովհաննես Կիրակոսյանի վարած «Mercedes» C350 մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկներ Ռոբերտ Եղիազարյանն ու Ռազմիկ Ղարիբյանը։
Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցվել է ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Խաչատուր Գինոսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Խ. Գինոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։