«Լավ են անում», «Եվրոպայում դուբինկայով հարվածելով կտանեին», «ԱՄՆ-ում կրակել փռել էին գետնին»․ Փաշինյանի կողմնակիցներն արդարացնում են ոստիկանների բռնությունը՝ երեխաների աչքի առաջ (լուսանկարներ)
Exclusive.am-ն օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր վերահրապարակել, որը լայն տարածում գտավ համացանցում։ Խոսքը ոստիկանների կողմից երեխաների ներկայությամբ նրանց հոր նկատմամբ բիրտ ուժ կիրառելով բերման ենթարկելու մասին է։
Բարեբախտաբար, իրավապահ կառույցները բավականին օպերատիվ արձագանքեցին կատարվածին, և դրա գնահատականը դեռ կտրվի։ Հուսով ենք՝ արդարացի գնահատականը։
Սպասվածի պես, հանրության լայն զանգվածը, ինչպես իրական կյանքում, այնպես էլ սոցցանցերում դատապարտեց ոստիկանների գործողությունները, այն էլ այն դեպքում, երբ դա կատարվել էր մանկահասակ երեխաների աչքի առաջ, որոնցից մեկի համար նույնիսկ բուժօգնության անհրաժեշտություն էր առաջացել։
Բայց արի ու տես, որ կան օգտատերեր, որոնք արդարացնում են ոստիկանների՝ ուժի կիրառումը։ Ավելին՝ նրանցից ոմանք կարծում են, որ ոստիկանները, օրինակ, կարող էին կրակել, և տղամարդը դեռ մի բան էլ «լավ է պրծել»։
Արմինե Բաղդասարյան օգտատերն, օրինակ, մեր տեսանյութի մեկնաբանություններում գրում է․ «Մարտի 1 մոռացաք ինչ էին անում», «Լավ են անում»։ Նա ևս մեկ մեկնաբանություն է թողել, որը մեզ չհաջողվեց վերծանել, այդ պատճառով ներկայացնենք մեկնաբանության սքրինշոթը։
Երջանիկ օրինաչափությամբ նրա գլխավոր լուսանկարներից մեկը «Ապագա կա»-ի տարբերանշանով է։ Ի դեպ, նա լուսանկարվել է գրեթե նույն տարիքի տղայի հետ, որի աչքի առաջ գետնին էին տապալել նրա հորը։
Մեկ այլ Արմինե, այս անգամ՝ Հարությունյան անուն ազգանունով օգտատերը, գրում է․
«Լավ են անում, բրավո ոստիկաններին, Եվրոպայում դումբիկայով հարվածելով կտանեին (հավանաբար նկատի ունի дубинка)»։ Այս կնոջ գլխավոր լուսանկարը ո՛չ ավել, ո՛չ պակաս հենց Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի համատեղ լուսանկարն է՝ կրկին «Ապագա կա»-ի տարբերանշանով։
Մեկ այլ օգտատեր՝ Դավիթ Հայրապետյան անուն-ազգանունով, այս դեպքում, շատ ավելի գրագետ, քան նշված կանայք, երկար-բարակ տեքստ է գրում, վերջում ակնարկում, որ տղամարդը, հավանաբար վտանգավոր հանցագործ է (իհարկե նա դա բառացի չի անում), և հավելում, որ «ԱՄՆ-ում դիմադրելու համար արդեն հաստատ կրակել փռել էին գետնին»։ Վերջում էլ, դաժան չթվալու համար, գրում է, որ երեխաների տեսարանը ցավալի է, բայց նաև կրկին անուղղակիորեն մեղադրում տեսանյութը նկարահանողին, այս դեպքում՝ փաստաբանին։
Այս տղամարդու էջը փոքր-ինչ թերթելուց հասկանում ենք, որ նա ևս Փաշինյան Նիկոլի երկրպագուներից է, կիսվում է Պետրոս Ղազարյանի գրառումներով, Կառավարության ֆեյսբուքյան էջի նյութերով և գլխավոր նկարներից մեկը ընտրությունների օրը՝ հունիսի 20-ին դրել է Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի՝ վիրավոր ձեռքով լուսանկարը՝ կրկին «Ապագա կա»-ի լոգոյով։
Իրակա՞ն են այս օգտատերերը, թե՞ կեղծ, կարևոր չէ, բայց օրինաչափությունն այն է, որ սրանք ու նրանց նմանները մարդիկ են, ովքեր ընտրությունների ժամանակ պատերազմում պարտված ղեկավարին երկրորդ անգամ ընտրելիս աղաղակում էին, թե ժողովրդավարությունն են ընտրել։
Ֆանտաստիկ է։ ԱՄՆ—ն ու Եվրոպան կերազեին այսպիսի ժողովրդավարության մասին, երբ իր ապրուստի միջոցը քանդելուն ընդդիմացող մարդուն սեփական անչափահաս երեխաների աչքի առաջ այսպես ստորացնելով ու բռնությունով, «քթի վրա» «մեքենան կոխեին» (ոստիկանների խոսքերն են)։