«Ռեկորդս նվիրում եմ բոլոր քաջորդիների հիշատակին»․ Զորիկ Պողոսյանը նոր ռեկորդ է սահմանել՝ շրջանցելով թուրք մարզիկին (տեսանյութ)
Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, Դյուցազնագրքի և Գինեսի ռեկորդակիր Զորիկ Պողոսյանը գրանցեց համաշխարհային նոր ռեկորդ։
Վանաձորի թիվ 2 ՀՓՋ-ի հրշեջ-փրկարար Զորիկ Պողոսյանը նորակառույց մարզադպրոցի բացման արարողության ժամանակ 170 կգ ծանրաձողն ուսերի վրա, նստած դիրքով, քայլել է 2 մետր․ բարձրացել է 9 անգամ կքանստել ու բարձրացել է։
Այդպիսով, նա շրջանցել է թուրք մարզիկի նախկինում սահմանած ռեկորդը և դարձել քառակի ռեկորդակիր։
Զորիկը նոր ռեկորդը նվիրել է 44-օրյա պատերազմի քաջորդիների՝ ի դեմս իր սան Մհեր Քոչինյանի, անմահ հիշատակին:
«Ռեկորդս նվիրում եմ ծանրամարտի մարզադպրոցի սան ՀՀ չեմպիոն պատերազմում հերոսաբար նահատակված Մհեր Քոչինյանի և մեր բոլոր քաջորդիների հիշատակին»,-նշել է մարզիկը։
Հիշեցնենք, որ նախորդ անգամ նա իր ռեկորդով շրջանցել է ադրբեջանցի մարզիկի նախկինում սահմանած ռեկորդը։