25 տարվա պրակտիկայի մեջ առաջին անգամ իմ ձեռքից խլել են խոսափողը. Լուսինե Սահակյան (տեսանյութ)
Երբ դատական գործընթացին նայում ես կողքից, ապա մեկ այլ տեսանկյունից է դիտվում այն, իսկ երբ դու այդ գործընթացի մեջ ես՝ լրիվ այլ է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանն այն բանից հետո, երբ դատարանում Աննա Դանիբեկյանը հանձնարարեց նրա ձեռքից վերցնել միկրոֆոնը, իսկ դատախազության ներկայացուցիչն իրենից գոհ առաջարկեց սանկցիա կիրառել դատապաշտպանի նկատմամբ։
«Ես նոր չեմ դատական համակարգում, բայց իմ 25 տարվա պրակտիկայի մեջ առաջին անգամ իմ ձեռքից խլել են խոսափողը»,-ասաց Լուսինե Սահակյանը։
Նրա դիտարկմամբ՝ սա քաղաքական հետապնդում է, և կա շահերի լուրջ բախում։
«Կա լուրջ խնդիր, որ դատավորը չի կարողանում իր դատավորի դիրքում մնալ, որովհետև ինքն ակնհայտ վիրավորվածություն ունի՝ կապված համապատասխան քրեական գործ հարուցելու հետ և նա շարունակում է այդ դիրքը պահել»,- ասաց Լուսինե Սահակյանը՝ նկատի ունենալով Արմեն Գևորգյանի նախկին դատապաշտպան Էրիկ Ալեքսանյանին ու Աննա Դանիբեկյանին առնչվող իրավական վեճին։
«Ինձ թվում էր, որ եթե Աննա Դանիբեկյանը նոր դեմք տեսնի՝ հնարավոր է փոխի իր վերաբերմունքը, բայց նա դարձյալ նույն մոտեցումն ունի»,- նկատեց պաշտպանը։
Լուսինե Սահակյանի դիտարկմամբ, Աննա Դանիբեկյանն անհիմն ձգձգում է դատական պրոցեսը։ Նա այդ համոզմունքին եկել է նաև այն բանից հետո, երբ ԱՆնա Դանիբեկյանը պաշտպանին հանձնարարել է 5 օրում ծանոթանալ 88 հատորանոց քրեական գործին, ինչը ամբողջ աշխարհի պրակտիկայում մինչ օրս հնարավոր չի եղել։
«Այսինքն` դա նշանակում է, որ դատական հաջորդ նիստը ևս կհետաձգվի, քանի որ պաշտպանը ծանոթ չի լինի գործին, որովհետև դա պրակտիկորեն հնարավոր չէ»,-ասաց Լուսինե Սահակյանը։
Մանրամասները՝ տեսանյութում