Միկրոֆոնը վերցրեք պաշտպանի ձեռքից, դատարանը թույլ չի տալիս հայտարարություն անել․ Աննա Դանիբեկյանը՝ Արմեն Գևորգյանի պաշտպանին (տեսանյութ)
Երբ դուք ասում եք որոշում եք կայացրել, այդ որոշման մասին ոչ ոք տեղյակ չէ։ Այս մասին Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարության ժամանակ ասաց Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը։ Նա այդ մասին հայտարարեց այն բանից հետո, երբ դատավոր Աննա Դանիբեկյանն արգելեց Արմեն Գևորգյանին վճռի կայացման առիթով առարկություն ներկայացնի։
«Բերեք նորմալ ընթացակարգով աշխատենք»,-ասաց Լուսինե Սահակյանը՝ մատնանշելով, որ իր պաշտպանյանլը տեղյակ չի եղել կայացված որոշման մասին և իրավունք ունի առարկություն ներկայացնի։
Աննա Դանիբեկյանը նկատեց, որ դատարանը թույլ չի տալիս։
Լուսինե Սահակյանը ընդդգծեց, որ մինչ օրս չի եղել իրավիճակ, երբ դատարանը արգելի պաշտպանին իրականացնել իր լիազորությունները։
«Եթե ձեզ թվում է, որ այստեղ պետք է լինի մի պաշտպան, ով պետք է տեսնի, թե ինչպես են իր պաշտպանյալի իրավունքները խախտում և լուռ նստի՝ ես սովոր չեմ։ Ես Ձեզ ուղղակի խնդրում եմ, նոր եմ ներգրավվում դատավարությանը և խնդրում եմ հարգել քրեական դատավարության սկզբունքը և արդարատություն իրականացնեք»,- ասաց Լուսինե Սահակյանը և նշեց, որ իր մոտ այնպիսի տպավորություն է, թե դատարանը չի ուզում գործը շարունակվի և տեղում դոփում է։
Լուսինե Սահակյանը կրկին հայտարարեց, որ հայտարարություն ունի անելու և առարկություն ներկայացնելու։ Սակայն Դանիբեկյանը չոր նկատեց, որ դատարանը թույլ չի տալիս։
«Խնդրում եմ միկրոֆոնը վերցրեք պաշտպանի ձեռքից, դատարանը թույլ չի տալիս ձեզ հայտարարություն անել»,-ասաց Դանիբեկյանը։
Հիշեցնենք, որ Նախորդ նիստում Էրիկ Ալեքսանյանը հայտարարել էր, որ այս գործով հրաժարվում է պաշտպանել Արմեն Գևորգյանի շահերը. պատճառը դատավոր Աննա Դանիբեկյանն է։