«Իմ շրջապատում արդեն 2 հոգի մահացել են պատվաստումից հետո»․ բժիշկ, մանկական ատամնաբույժ (տեսանյութ)
Ցանկացած պատվասատանյութ անցնում է 3-5 տարվա փորձաշրջան, որից հետո միայն թույլատրվում է այդ պատվաստանյութը կիրառել։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Առողջապահության նախարարության դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիայի մասնակիցներից բժիշկ, մանկական ատամնաբույժ Նաիրա Ջալադյանը:
Նա նկատում է, որ պատվաստանյութի հայտնաբերումից դեռ մեկ տարի չի անցել, իսկ այն կիրառում են մարդկանց վրա, ինչը նա ռիսկային է համարում։
Դրանից բացի, բժշկուհին նշում է, որ բնական իմունիտետը, որը առաջանում է հիվանդությունից հետո, ավելի արդյունավետ է։
«Մենք բոլորս, շատերս հիվանդացել ենք։ Կոնկրետ ես հիվանդացել եմ և ունեմ բնական իմունիտետ, ինչու դա հաշվի չի առնվում»,-ասաց բժշկուհին։
Նաիրա Ջալադյանը մատնանշում է հիվանդություններ, որոնց վրա կորոնավիրուսի պատվաստանյութը բացասական ազդեցություն է թողնում։ Նա չի հասկանում, թե ինչու նախարարությունում այդ ռիսկերը հաշվի չի առնվել։
«Իմ շրջապատում արդեն 2 հոգի մահացել են պատվաստումից հետո»,-ասաց բժշկուհին՝ հավելելով, որ իրենց չեն տրամադրում մահացության վիճակագրությունը, մինչդեռ անձամբ ինքը գիտի մարդկանց, ովքեր պատվաստվելուց հետո ծանր հիվանդացել են ու հիմա էլ ծանր վիճակում են։