«Ալիևի հետ համաձայն ենք․ Ադրբեջանում չկա Լեռնային Ղարաբաղ և չի էլ լինելու, որովհետև Արցախն Ադրբեջանի կազմում չի կարող լինել». Դավիթ Բաբայան
168.am–ի հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն անդրադառնալով Արցախի 44-օրյա պատերազմի 1-ին տարելիցին և այդ պատերազմից դասեր քաղելուն, նկատեց՝ դասեր քաղելու համար մեկ տարին բավարար չէ, քանի որ պետք է հասկանալ ու ճիշտ հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել։
«Մենք պետք է մեր գնահատականներում ազնիվ լինենք, բոլոր պատճառներն ամենաբարձր մակարդակով առանց շահարկումների դիտարկենք։ Դրանից հետո, եթե ըմբռնենք ու հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել, ներքին ու արտաքին բոլոր գործոնները վերլուծենք, պետք է մշակենք համապատասխան ծրագիր ստեղծված ծանր վիճակից դուրս գալու համար։ Միայն այդ ամենն անելուց հետո կարող ենք ասել՝ պատերազմից դասեր քաղե՞լ ենք, թե՞ չենք քաղել։ Հետևաբար՝ մեզ սպասում է երկարատև գործընթաց։ Բայց այն, որ առանց դասեր քաղելու հնարավոր չէ դուրս գալ այս ծանր վիճակից, և առանց դասեր քաղելու մենք կարող ենք կործանվել՝ սա միանշանակ է»,- նշեց Դավիթ Բաբայանը։