Ինչպես է Մայր Աթոռը վերաբերվում պատվաստումներին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Կորոնավիրուսի դեմ պատվաստումները հանրության շրջանում առաջացրել են որոշ անհանգստություններ, և այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը կապ է հաստատել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` հասկանալու համար, թե եկեղեցին ու ամենայն հայոց կաթողիկոս Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ-ն ինչ դիրքորոշում ունեն պատվաստումների վերաբերյալ, իր հոտին կաթողիկոսը ինչ կոչ է անում:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Տ․ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում որևէ հոգևոր կամ կրոնական խնդիր չի տեսնում։
«Այսօր Հայ Եկեղեցու թեմերում Սփյուռքում և Հայաստանում բազմաթիվ հոգեւորականներ արդեն պատվաստվել են»,- նշեց հոգևորականը։
Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ էլ Հռոմի Ֆրանցիսկոս պապն էր մարդկությանը կոչ արել պատվաստվել կորոնավիրուսի դեմ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։