Շուշի քաղաքն «ազատագրելուց» հետո Վլադիմիր Վլադիմիրովիչը զանգահարել է ինձ. Իլհամ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, «Ազգային պաշտպանություն» ռուսական ամսագրին տված հարցազրույցում, բացահայտել է անցյալ տարվա նոյեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցների մանրամասները՝ Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության ստորագրման նախօրեին: Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական Haqqin.az կայքից։
«Բնականաբար, մենք կանոնավոր կապ էինք պահպանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հետ ռազմական գործողությունների տարբեր փուլերում։ Շուշի քաղաքն «ազատագրելուց» հետո Վլադիմիր Վլադիմիրովիչը զանգահարեց ինձ և ասաց, որ հայկական կողմը պատրաստ է անել այն, ինչ պետք է աներ: Նա հարցրեց. «Դուք մնում եք ձեր գաղափարներին հավատարիմ»: Ես ասացի. «Այո՛, ես չեմ փոխում իմ դիրքորոշումը: Եթե նրանք մեզ հաստատեն գրաված տարածքներից իրենց մնացած զորքերի դուրսբերման ամսաթվերը, մենք կանգ կառնենք:
Նոյեմբերի 8 -ի երեկոյան էր: Իսկ նոյեմբերի 9 -ին մենք պայմանավորվեցինք կրկին զանգահարել, քանի որ Վլադիմիր Վլադիմիրովիչը շատ ակտիվ դեր խաղաց իրադարձություններում, նա իմ ուղերձները փոխանցեց Փաշինյանին, իսկ նրանը՝ ինձ », - ընդգծել է Ադրբեջանի նախագահը: