Էրդողանը հայտնել է, որ Վրաստանի վարչապետն իրեն է փոխանցել Փաշինյանի՝ հանդիպման առաջարկը. նա նաև խոսել է «Զանգեզուրի միջանցքից»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իրեն է փոխանցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը հանդիպելու մասին։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
«Վրաստանի վարչապետն ինձ է փոխանցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը հանդիպում անցկացնելու մասին։ Բայց դրա համար Հայաստանը պետք է դրական քայլեր ձեռնարկի։ Եթե այդ հանդիպումը կայանա, ապա Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ կհաստատի»,- ասել է Էրդողանը։
Նա նաև հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների դժվարությունները կհաղթահարվեն «Զանգեզուրի միջանցքը» բացելով։ Հայտարարությունը նա արել է մամուլի ասուլիսի ընթացքում մինչ Նյու-Յորք մեկնելը, որտեղ նա կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային։