Սոթքից մինչև Վերին Շորժա մարտական գործողություններ են. հայկական կողմն ունի 3 զոհ, 2 վիրավոր. ՀՀ ՊՆ
Հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից նախաձեռնած հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների արդյունքում, ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են։
Մարտական գործողությունները շարունակվում են: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ-ն։
Ավելի ուշ գերատեսչությունից հայտնել են, որ հայկական դիրքերի ուղղությամբ հարձակում նախաձեռնած ադրբեջանական ստորաբաժանումները, ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։ Փոխհրաձգությունը շարունակվում է։
Հայ-ադրբեջանական սահմանի մնացած հատվածներում իրադրությունը կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո։
Հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։
Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։