Հատկապես դրսում ապրող և իրենց արժանապատիվ համարող հայերին ես մեկ հարց եմ տալու... Նաիրի Հոխիկյան

Խոստացել եմ փակել Լապշինի թեման։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նաիրի Հոխիկյանը։
«Չեմ խոսելու, բայց ցավում եմ, որ իրենց բլոգեր համարող և հիմնականում ՌԴ-ում ապրող մի շարք հայեր, որոնք հայրենիքի մասին պատկերացում ունեն իրենց համակարգիչների էկրանից և կյանքում չեն տեսել իսկական պատերազմ կամ կրակոցի ձայնից մահճակալի տակ են մտնում, իրենց իրավունք են վերապահում գնահատել իմ գործողությունները։ Հիմնական բովանդակային հարցը թողած` սրանք Լապշինի գծած սխեմայով շեղում են թեման, թե ինչու եմ ես հրապարակել փոքրիկ հատված մեր անձնական խոսակցությունից` տալով տղամարդկության դասեր։ Այդ մարդկանց, իհարկե, ես մեկ հարց եմ տալու` դուք ի՞նչ գիտեք, թե ինչ է տղամարդկությունը և հայրենասիրությունը։
Հստակ արձագանքում եմ.
1. Ես բազմիցս հրապարակային կերպով Լապշինին առաջարկել եմ բացել մեր խոսակցությունները կամ ուղղակի լռել, իսկ նա հերքել է ամեն ինչ` նույնիսկ սադրիչ կոչեր անելով։ Հետևաբար, ինձ այլ ելք չէր մնում, քան ապացուցել իմ ճշմարտացի լինելը։
2. Լապշինի հետ իմ խոսակցությունները վերաբերել են ազգային անվտանգությանը, հետևաբար չէին կարող լինել խիստ կոնֆիդենցիալ։ Շատերի համար դժվար է հասկանալ, որ հանուն պետականության հնարավոր է զոհաբերել նաև ընկերությունը, ինչը առաջին հերթին ինձ համար է ցավալի, բայց ես նաև 4 ընկեր ու 1 ազգական եմ կորցրել պատերազմում, ինչը անվերադարձ է։
Շնորհակալ եմ նույն ՌԴ-ում ապրող Ալեքսանդր Ալեքսանյանին` հրապարակային արժանապատիվ կեցվածքի համար։
Հատկապես դրսում ապրող և իրենց արժանապատիվ համարող շատ հայերի առաջարկում եմ. երբ կշեռքի մի նժարին կլինի ձեր հայրենիքի ճակատագիրը, մյուսին՝ ընկերությունը, ինքներդ որոշեք, թե որն է ավելի ծանր»,-գրել է Հոխիկյանը: