Ադրբեջանի համար Ղարաբաղի հարցը պրեստիժի հարց էր, որը լուծել են, իսկ Սյունիքի հարցը ստրատեգիական է ու ոչ միայն Ադրբեջանի համար. Վազգեն Մանուկյան
Նախ և առաջ պետք է ամեն ինչ անել, որ Նիկոլ Փաշինյանը գնա, դրանից հետո կառաջանան բազմաթիվ ճանապարհներ, այդ ճանապարհների մեջ քաղաքական վեճեր կլինեն՝ որ ճանապարհով գնալ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը:
Հարցին, թե ինչո՞ւ է հակառակորդը հիմա հենց Երասխի ուղղությամբ կրակում, Մանուկյանը պատասխանեց. «Կրակելու են շատ տարբեր տեղերից, կրակելու են մի տեղ, վերցնելու են մի ուրիշ տեղ: Եկեք հիմա ես զինվորական ենթադրությունների մեջ չմտնեմ, բայց մի բան շատ հստակ է, որ Ադրբեջանի համար Ղարաբաղի հարցը ստրատեգիական չէր, այլ պրեստիժի հարց էր, պատվի հարց էր և իրենք լուծել են այդ հարցը: Սյունիքի հարցը ստրատեգիական է ոչ միայն Ադրբեջանի համար, ամբողջ թուրքախոս ժողովուրդների համար դա ստրատեգիական նշանակություն ունի: Ինչ որ իրենք անեն, կարող է անկապ թվալ առաջին հայացքից, բայց վերջնական նպատակը Սյունիքը վերցնելն է»,- ամփոփեց Մանուկյանը: