Երասխի համայնքապետի կյանքին վտանգ չի սպառնում. նա «Աստղիկ» ԲԿ-ում է. Մարզպետի օգնական
Երասխի համայնքապետ Ռադիկ Օղիկյանի կյանքին վտանգ չի սպառնում։ Նրա առողջական վիճակը միջին ծանրության է գնահատվում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց Արարատի մարզպետի՝ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի գծով օգնական Քրիստինե Պողոսյանը՝ հավելելով, որ համայնքապետն այս պահին գտնվում է «Աստղիկ» ԲԿ-ում։
Ինչ վերաբերում է Երասխում այս պահին տիրող իրավիճակին, Քրիստինե Պողոսյանը նշեց, որ ռազմական իրավիճակի վերաբերյալ բացառապես ՊՆ-ից պետք է տեղեկատվություն ստանանք։
«Ռազմական դրության վերաբերյալ իրավասու չեմ տեղեկատվություն տալ։ Ինչ վերաբերում է Երասխի բնակչությանը, մարդիկ ապրում են իրենց բնականոն կյանքով։ Սահմանամերձ բնակավայր է»,-նշեց Քրիստինե Պողոսյանը։
Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ Հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը, մինչև ժամը 02։00, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը:
Մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից հրազենային վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը, ով այդ պահին կազմակերպում էր ադրբեջանցիների գործողությունների արդյունքում տեղանքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները։