Ես իմ թիմին չեմ թողնի մենակ, գնալու եմ խորհրդարան, մանդատներ չվերցնելը որևէ իրավական հետևանք չի առաջացնում. Արթուր Վանեցյան (տեսանյութ)
Մենք ոչ միայն վերահաշվարկի գործընթաց, այլև առհասարակ բոլոր խնդիրները, որոնք եղել են ընտրության ժամանակ, այդ խնդիրները վերհանվել են մեր թիմակիցների կողմից և ես ձեզ ասացի, որ բոլորով տրվելու են ընթացք՝ կլինի վերահաշվարկ, կլինի այլ քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ իրականացնելով դիմել Սահմանադրական դատարան, թե այլ հասանելի գործիքակազմով ընտրությունների արդյունքները վերջնական հասկանալը, ողջ գործիքակազմն օգտագործելու ենք: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը:
«Ինչ վերաբերում է՝ անձամբ ես մանդատ վերցնելո՞ւ եմ, թե՞ ոչ, ապա եթե որոշում կայացվի, որ դաշինքն ի վերջո գնում է խորհրդարան, վերցնելու է մանդատները, միանշանակ ես իմ թիմին չեմ թողնելու մենակ, գնալու եմ խորհրդարան, և շարունակելու ենք մեր պայքարը խորհրդարանում: Ցավոք սրտի, մանդատներ չվերցնելը որևէ իրավական հետևանք չի առաջացնում խորհրդարանի գործունեության համար: Այսինքն՝ եթե մենք չենք վերցնում մանդատները, խորհրդարանը շարունակում է գործել»,- ասաց Վանեցյանը: