Ադրբեջանը շարունակում է Կասպից ծովում իրականացնել իր հերթական զորավարժությունը
Ադրբեջանի ռազմածովային ուժերի մարտավարական զորավարժությունները շարունակվում են ՝ ռազմանավերի, մարտական օժանդակ նավերի ու ռազմածովային ուժերին մատակարարող նավերի ջոկատների մասնակցությամբ: Զորավարժությունների երկրորդ փուլի առաջադրանքներն իրականացվելու են այսօր: Այս մասին հայտնում է Minval.az-ը։
Նշվում է, որ այս փուլում նախատեսվում է մարտական առաքելություններ իրականացնել Կասպից ծովի ադրբեջանական հատվածում դիվերսիոն և ահաբեկչական գործողությունները կանխելու, նավաբեկվածներին օգնություն ցուցաբերելու և էներգետիկ ենթակառուցվածքները պաշտպանելու համար: Բոլոր առաջադրանքներն ավարտելուց հետո հրամանատարությունը կվերլուծի կատարված աշխատանքը, կգնահատի զորավարժություններին ներգրավված ուժերի և միջոցների կողմից հանձնարարված առաջադրանքների կատարման մակարդակը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում զորավարժությունները սկսվել են երեկ։