ԸՕ համաձայն՝ «Հայաստան» դաշինքին պետք է տրամադրվի ևս 2 մանդատ. սահմանադրագետ
«Մի տեղամասում «Հայաստան» դաշինքի քվեները 10-ից դարձել են 100, եթե նման պատկեր լինի մնացած 70 տեղամասերում, որտեղ վերահաշվարկ է իրականացվում, ապա ԿԸՀ-ն մի քանի որոշումներ ընդունելու իրավասություններ ունի»: «Արմնյուզ»-ին տված հարցազրույցում ասաց սահմանադրագետ, գործող Սահմանադրության համահեղինակ Վարդան Պողոսյանը։
Նա մանրամասնեց, որ ԿԸՀ այս որոշումներից մեկը կարող է լինել ընդհանրապես ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելը, հանձնաժողովն իրավուքն ունի վերաքվեարկություն կազմակերպելու որոշում կայացնել այն տեղամասերում, որտեղ տեղի են ունեցել այնպիսի խախտումներ, որոնք հնարավորություն չեն տալիս վերականգնել ընտրության իրական արդյունքները։
«Այսինքն, ԿԸՀ-ն ունի բազմաթիվ լծականեր ու իրավական հնարավորություններ ընտրությունների արդյունքների վերաբերյալ իր որոշումը կայացնելու, որոնք վերաբերում են ոչ միայն թվաբանական եզրակացությանը, այլև գնահատելու իրավիճակը, խախտումների բնույթը»,- ասաց սահմանադրագետը։
Վարդան Պողոսյանը հայտարարեց, եթե հիմք ընդունեն ԿԸՀ կողմից հրապարակված քվեարկության նախնական արդյունքները, ապա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստանում է 71 մանդատ, «Հայաստան»-ը ստանում է 27 մանդատ, «Պատիվ ունեմ»-ը՝ 7 մանդատ։
«Սա կազմում է ընդհանուր առմամբ 105 մանդատ։ Քանի որ այս երեք ուժերի միջև մանդատների բաշխման արդյունքում ՔՊ-ն ստանում է մանդատների 2/3-ից ավելին՝ մոտ 67 տոկոս, իսկ 2/3-ը 66.6 տոկոսն է, ապա ըստ Ընտրական օրենսգրքի 96-րդ հոդվածի 2-րդ մասի անհրաժեշտ է, որպեսզի քաղաքական փոքրամասնությունը, այսինքն այն ուժը, որը չի հաղթել ընտրություններում ներկայացվածություն ունենա Ազգային Ժողովում ոչ պակաս, քան մանդատների ընդահանուր թվի 1/3-ը։
Հետևաբար, նորից եմ կրկնում նախնական արդյունքների հիման վրա, «Հայաստան» դաշինիքին պետք է հատկացվի լրացուցիչ 2 մանդատ, մաթեմատիկորեն դա 1.5 է, բայց պետք է հատկացվի, որպեսզի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների մանդատների ընդհանուր թիվը պակաս չլինի 1/3-ից»,-մանրամասնեց Վարդան Պողոսյանը։