Հանցագործության այս դեպքը հաստատում է, որ ՀՀ բնակչության իրավունքների պաշտպանությունը հրատապությամբ պահանջում է անվտանգության գոտու առկայություն. Թովմասյան
Մինչ իշխանությունը մրցակիցներին մուրճով վախեցնելով քարոզարշավ է իրականացնում, երեկ ադրբեջանական 9 զինծառայող գողացել է Վերին Շորժայի արոտավայրի հովվի կովը և նոր ծնված հորթը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Թագուհի Թովմասյանը:
«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ այս գողությունը տեղի է ունեցել ՀՀ ինքնիշխան տարածքում, ու ադրբեջանական զինծառակողներն իջել են այն դիրքերից, որտեղ ապօրինի տեղակայված են:
Ադրբեջանական զինծառայողները կատարում են բացահայտ հանցավոր արարքներ` ՀՀ քաղաքացիական բնակիչներին կյանքի և այլ կենսական իրավունքներից, անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելու դիտավորությամբ:
Հանցագործության այս դեպքը ևս մեկ անգամ հաստատում է, որ ՀՀ բնակչության իրավունքների պաշտպանությունն ադրբեջանական զինված ուժերի հանցավոր արարքներից բացարձակ հրատապությամբ պահանջում է անվտանգության գոտու առկայություն»: