Գագիկ Ծառուկյանը Սյունիքում էր (ֆոտո, վիդեո)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը Սյունիքում էր:
Մինչ սյունեցիների հետ հանդիպումը ԲՀԿ ղեկավարն այցելել էր զոհվածների շիրիմին և ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրել շիրմներին։
Իսկ արդեն Կապանում նա հանդիպեց քաղաքացիներին, ովքեր նրան ջերմ ողջունեցին։
Իր ելույթի ընթացքում Գագիկ Ծառուկյանը շեշտեց Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական նոր պայմանագրի ստորագրման անհրաժեշտությունը:
Ծառուկյանը վստահեցրեց՝ իր ուզածն է այս վիճակից դուրս գալ, ունենալ հզոր, զարգացող պետություն:
«Սա միայն դատարկ խոսքերով չի լինում: Մարդիկ պետք է տիրապետեն, կազմակերպեն, բոլոր ոլորտներում աշխատանք տանեն»,- նշեց նա:
Այնուհետև Ծառուկյանը նկատեց, որ սյունեցիների առաջնային խնդիրն այսօր սահմանային անվտանգությունն ապահովելն է:
«Անվտանգություն ապահովելու համար ամենակարևորը մենք պետք է մեր բարեկամ երկրի՝ Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական փաստաթուղթ ստորագրենք, որ հայ զինվորը ռուս զինվորի հետ սահմանը պահի, որ մեր սյունեցին հանգիստ քնի, լարված չլինի»,- շեշտեց Ծառուկյանն ու հավելեց՝ «Այդ դեպքում ճանճ չի կարող անցնել սահմանով: Ադրբեջանն այսօր միայնակ չի պայքարում Հայաստանի դեմ, նրա կողքին կանգնած է Թուրքիան: Դրա համար էլ մեր կողքին պետք է լինի մեր բարեկամ երկիրը՝ Ռուսաստանը….»,- նշեց Ծառուկյանը: