Այսօր ոչ ոքի դեմքին ժպիտ չեմ տեսնում, քանի որ ներկան անորոշ է և ապագայի նկատմամբ ակնկալիքներ չունեք. Գագիկ Ծառուկյանը Եղեգնաձորում է
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը ջերմ ընդունելության արժանացավ Վայոց ձորի բնակիչների կողմից։
Տարբեր շրջաններից մարդիկ եկել էին Եղեգնաձոր` հանդիպելու ԲՀԿ նախագահին։
Ողջունելով հավաքվածներին` Գագիկ Ծառուկյանը նշեց, որ իր նպատակը իշխանության գալը չէ, այլ պետությանն աջակցելը ու ժողովրդի մատից փուշ հանելը։
Նա ընդգծեց, որ իրեն ոչինչ պետք չէ, բայց ընտրություններում հաղթանակը կարևոր է, որպեսզի ունենա պետական լծակներ` ավելի արդյունավետ աշխատելու և մարդկանց օգնելու համար։
Գագիկ Ծառուկյանը նկատեց, որ այսօր ոչ ոքի դեմքին ժպիտ չի տեսնում, քանի որ մարդիկ ապագայի նկատմամբ ակնկալիքներ չեն տեսնում, իսկ ներկան անորոշ է։ Նա ուղիներ առաջարկեց, որոնք կօգնեն երկիրը ոտքի հանել ու սահմանները դարձնել անվտանգ։ ԲՀԿ ղեկավարը նշեց, որ անպայման չէ` իրենց կուսակցությանը տան իրենց քվեն, բայց պետք է ընտրություն անելուց հետո ծանր ու թեթև անել։ Նրա այս խոսքին արձագանքելով` հավաքված քաղաքացիները վանկարկեցին` «Ծառուկյան վարչապետ»։