ԳՇ պետ Արտակ Դավթյանն այսօր պետք է պատասխանատվություն կրի, որովհետև մենք կորցրել ենք ՀՀ-ի սահմանային անվտանգությունն ու անձեռնմխելիությունը․ Թովմասյան
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ արտահերթ նիստ հրավիրելու գաղափարը եղել է անկախ պատգամավորներինը։
«Արդեն ստորագրությունները հավաքել ենք, որ նիստը լինի: Խիստ անհրաժեշտ է, որ առաջնային մանդատ ունեցող խորհրդարանը հրատապ նիստ հրավիրի և քննարկի սահմանային իրավիճակը: Հասկանանք՝ ով է մեղավոր, ինչու է մինչեւ հիմա ՀՀ առաջնագիծը շարունակում մնալ չկահավորված:
Մենք ըստ էության չունենք ոչ միայն համապատասխան կահավորանք, այլ նաև թերեւս ներուժ դիմակայելու: Պետք է պաշտոնական օղակները հստակ տեղեկություն տան, թե որ հատվածից, քանի կմ են ներխուժել, ինչպես են ներխուժել, ինչու նախապես չենք իմացել, ինչու մեր հետախուզությունը չի զեկուցել, ինչ հակաքայլեր են արվել:
ԳՇ պետ Արտակ Դավթյանն այսօր պետք է պատասխանատվություն կրի, որովհետև մենք կորցրել ենք ՀՀ-ի սահմանային անվտանգությունն ու անձեռնմխելիությունը: Առաջին պատասխանատուն Արտակ Դավթյանն է, որովհետև ինքն է ԳՇ պետը: Ես հետևողական եմ լինելու այս հարցում»,-ասաց նա: