Նաիրիտցիները լռում են, իսկ իշխանությունը շարունակում է խաբել. 6 ամսվա աշխատավարձի հետևից
Արդեն որերորդ անգամ Նաիրիտ գործարանի աշխատողները իրենց խնդրով գալիս են կառավարության շենքի մոտ` հանդիպելու իրենց գործով պատկան որևէ պաշտոնյայի։ Բանն այն է, որ արդեն 6 ամիս նրանք աշխատավարձ չեն ստացել։
Թեև նրանց մոտեցան լրագրողներ և առաջարկեցին բարձրաձայնելու խնդիրը, սակայն ինչպես նախորդ անգամ, այս անգամ էլ ակցիայի մասնակիցները չցանկացան նկարահանվել։
Newspress.am-ի հետ զրույցում նաիրտցիներից մեկը նկատեց. «Ի՞նչ ասենք, դուք մեզանից լավ գիտեք»։
Դիտարկման, թե նախորդ անգամ եկել էիք որևէ մեկին հանդիպելու և ձեր նամակի պատասխանն ստանալու ակնկալիքով` ակցիայի մասնակիցը նկատեց, որ այսօր էլ դրա համար են եկել։
«Ասել են` կգաք։ Լավ ա լինելու, լավ ա լինելու»,-ձեռքը թափ տալով` ասաց Նաիրիտի աշխատողը։
Հարկ է նկատել, որ գործարանի լուծարումից հետո աշխատավարձերի հիմնական պարտքը մարվել է։ Դրանից հետո աշխատանքները շարունակել է ինժեներական կազմի մոտ 250 աշխատող, ովքեր 2020-ի նոյեմբեր ամսից այլևս չեն վարձատրվել։
Կառավարության մոտ էին մոտ 3 տասնյակ աշխատող։
Մինչ այս նրանք նամակ են գրել կառավարությանը, ի պատասխան որի` ասել են, որ 10 օրից հարցը կլուծվի։ Սակայն ոչ 10 օր անց, ոչ հետո` հարցը չի լուծվել։
Համենայնդեպս նաիրիտցիները դարձյալ կառավարության դիմաց են։
Ինչպես նախորդ դեպքերում` այս անգամ էլ նրանք սպասում էին կառավարության նիստի ավարտին` հույսով, որ գոնե այսօր իրենց սպառիչ պատասխան կտան։