Հայկական երկաթուղիները պատկանում են Ռուսաստանին, այդ պատճառով մենք հարցը քննարկում ենք ռուսական կողմի հետ. Ալիևը՝ Զանգեզուրի միջանցքի կառուցման մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Ադրբեջանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի տարածքով Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի կառուցման հարցում տեղաշարժերի մասին: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը։
«Ինչպես հայտնի է՝ Զանգեզուրի միջանցքի մասին ասվում է նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարության մեջ։ Այդ ժամանակից ի վեր Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խմբի նիստերում այս հարցում շատ լուրջ քայլեր են ձեռնարկվել։ Կարող եմ վստահաբար ասել, որ երկաթուղային միջանցքը բաց կլինի»,-հայտարարել է Ալիևը։
Նրա խոսքով՝ արդեն գործում է Նախիջևանի երկաթգիծը։ Իրականացվում են ինչպես ուղևորատար, այնպես էլ՝ բեռնատար փոխադրումներ։ Բացի այդ, Բաքվի վերահսկողության տակ գտնվող Հորադիզ-Աղբանդ հատվածի շինարարությամբ կստեղծվեն ենթակառուցվածքներ։
«Հայկական երկաթուղիները պատկանում են Ռուսաստանին։ Այդ պատճառով մենք այդ հարցը քննարկում ենք ռուսական կողմի հետ»,-ասել է նա, նշելով, թե ինչու է երկաթուղու հարցը քննարկվում ՌԴ-ի հետ։