Ժամկետային զինծառայող Արտյոմ Մելքոնյանի մահվան գործով կալանավորվել է համածառայակիցը
Ժամկետային զինծառայող Արտյոմ Մելքոնյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել համածառայակցին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ մարդու մահ առաջացնելու հատկանիշներով։ ՀՀ քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ Մելքոնյանի համածառայակցի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ մայիսի 4-ին, ժամը 20.00-ի սահմաններում, հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հերթափոխի ընթացքում, ծառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Հովիկի Մելքոնյանը (ծնվ. 2002թ. 2020-2 զորակոչ, ՊՆ ԶԶՀԾ Գեղարքունիքի ՄՏՍ)։
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել էր Արտյոմ Մելքոնյանի համածառայակիցը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ մարդու մահ առաջացնելու կասկածանքով։