Մենք պետք է համախմբվենք, կողմնորոշվենք, հասկանանք՝ ով է հող տվել, ով չի տվել. Սասուն Միքայելյան
ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը Շուշիի ազատագրումը անհավանական չի հանարում։ Նա նկատում է, որ մի ժամանակ էլ շատերը չէին պատկերացնում, թե իրատեսական է ազատագրել այդքան տարածքներ:
«Ամեն ինչն էլ ժամանակի խնդիր է»,-այսօր` մայիսի 8-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Սասուն Միքայելյանը:
Նրա խոսքով` կազմակերպվածություն է հարկավոր, որպեսզի հնարավոր լինի հզորացնել բանակն ու թիկունք լինենք ԵԿՄ֊ին։ Ըստ նրա` չպետք է հուսահատվել։
«Այս պատերազմը ուրիշ բնույթ ուներ և միայն իրավապահները կարող են հստակ ասել` Շուշին հանձնվեց, թե՞ գրավեցին, որ կարողանանք հասկանալ և ժողովուրդն իմանա, թե ինչ է կատարվել: Ես չեմ ուզում հիմա դրանց մեջ մտնել, ոչ էլ կարող եմ պատասխան տալ»,-ասաց նա:
Սասուն Միքայելյանը չցանկացավ քաղաքականացնել օրն ու զերծ մնաց այն դիտարկումների արձագանքից, թե օրվա իշխանությանը մեղադրում են դավաճանության մեջ։
«Չեմ ուզում այս քաղաքական խաղերի մեջ մտնել, չեմ էլ պատասխանի այդ հարցին, բայց թռուցիկ կերպով կասեմ, որ բնական է, իրավիճակ է ստեղծվել, որ նման բաներ պետք է ասեն: Մեր դժբախտությունը հենց դրա մեջ է, որ մենք պետք է համախմբվենք, կողմնորոշվենք, հասկանանք՝ ով է հող տվել, ով չի տվել: Չի կարելի, ազգը բաժանվել է տարբեր մասերի, կեսը կեսին դավաճան ասում, որոշ մարդիկ էլ ասում են՝ սաղ փախան»,- ասաց Միքայելյանը
Նա ընդգծեց, որ ինքն էլ է շատ բան տեսել այնտեղ, բայց իրավունք չունի բարձևաձայնել, որովհետև քննություն է գնում:
«Ես ինձ իրավունք չեմ վերապահում հայտարարություններ անել, քանի ամեն ինչ չի պարզվել»,-ասաց նա: