Մենք թույլ չենք տա, որ մեր երկրի ճակատագիրը վտանգվի. ԱԱԾ տնօրենի նախկին ժ/պ
Մենք պարոն Վանեցյանի հետ շուրջ 20 տարի աշխատել ենք, նա անձամբ իմ ընկերն է, մենք անցել ենք բազում թոհուբոհերի միջով, ընդ որում՝ բավականին լուրջ արդյունքներ ենք արձանագրել մեր համատեղ աշխատանքում: Այդ մասին այսօր ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Հ/Կ-ի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը:
«Իրավիճակը դասավորվել է այնպես, որ Վանեցյանը զբաղվում է ուրույն գործունեությամբ, ունի իր քաղաքական թիմը և քաղաքականությունում փորձում է իր գաղափարները, իր հայացքներն առաջ տանել: Մենք ամեն ինչով աջակցելու ենք մեր գործընկերոջն այդ բարդ ու պատասխանատու գործում: Մենք՝ ինքներս, ապաքաղաքական լինելով՝ այս հիպերակտիվ քաղաքական իրավիճակում մի կողմ քաշված մնալ չենք կարող և չենք էլ պատրաստվում այդպես լինել: Մենք անելու ենք ամեն ինչ, ինչ հնարավոր ենք համարում, նույնիսկ՝ ավելին: Մենք թույլ չենք տա, որ մեր երկրի ճակատագիրը վտանգվի: Սա մեր պարտականությունն է և սա պետք է գիտակցեն բոլորը»,- ասաց Համբարձումյանը: