Ես չեմ կարծում, որ գայլը շանը թույլ կտա իր կոկորդը կրծել․ Հրանտ Եպիսկոպոսյան
«Այս ընթացքում ինչքան օտար մարդ, ով չի մեծացել ԱԱԾ պատերի մեջ, եկել է տնօրեն, միշտ շատ ցածր մակարդակի են ղեկավարել մեր կառույցը։ Մեր կառույցն ունակ է ղեկավարել միայն մեջից մեծացած օպեր-լիազոր»։
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԱԾ տնօրենի նախկին առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը։
Ինչ վերաբերվում է երկրում տիրող ընդհանուր վիճակին, ապա Հրանտ Եպիսկոպոսյանը վստահեցնում է, որ իրավիճակից դուրս գալու համար կհաջողվի երկիրը փրկել փլուզումից։
«Մոլագար պոպուլիստներին չպետք է թույլ տանք ուտել մարդկանց միտքն ու ուղեղները: Թույլ չենք տալու շարունակել հասարակությանը բաժանել նախկինների և նորերի, գայլերի և գելխեղդների, ժողովրդին նույնականացնել կենդանական աշխարհի հետ: Եթե բանը հասել է նման կարգի բաժանման, թույլ տվեք նկատել, որ գայլն անհամեմատ ավելի ազնվացեղ է, քան նրա կոկորդը կտրելու պատրաստ շունը: Բացի այդ, ես չեմ կարծում, որ գայլը շանը թույլ կտա իր կոկորդը կրծել»,-ասաց Հրանտ Եպիսկոպոսյանը:
Նա նկատեց, որ քաղաքական պոպուլիզմը առավել քան իրական վտանգ է և կարող է ավերիչ լինել ընտրությունների պատրաստվող Հայաստանի համար։