Կասեցվել են ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները
Կասեցվել են ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները: ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի խորհրդի՝ տարիքով ավագ անդամ Գագիկ Ջհանգիրյանը։ Այս մասին հայտնում են ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Հաղորդագրության մեջ ասվում է.
«2021 թվականի ապրիլի 15-ին, դռնփակ նիստում, Բարձրագույն դատական խորհուրդը, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ քրեական հետապնդում հարուցելու մասին Բարձրագույն դատական խորհրդին տեղեկացնելը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 7-րդ կետով, 165-րդ հոդվածի 1-ին և 1.1-ին մասերով, որոշում է կայացրել Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցնել որպես դատավոր և որպես ԲԴԽ անդամ (նախագահ)՝ մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը:
Համաձայն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի 13-րդ մասի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կիրականացնի Խորհրդի տարիքով ավագ անդամ՝ Բարձրագույն դատական խորհրդի գիտնական-անդամ Գագիկ Ջհանգիրյանը»:
Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։