Ժամանակը կգա, մենք դա կանենք. Ալիևը կրկին խոսել է Երևան «վերադառնալու» մասին
«Նրանց, ովքեր ուզում են ջնջել Ադրբեջանի պատմությունը, սովորեցրել են, որ իրենք հերոս են, բայց իրականում նրանք հանցագործներ են: Մենք ուզում ենք, որ մեր երիտասարդ սերունդն իմանա, որ Զանգեզուրը պատմական ադրբեջանական տարածք է». խոսքերն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևինն են: Նա ելույթ է ունեցել «Նոր հայացք Հարավային Կովկասին. հետկոնֆլիկտային զարգացումն ու համագործակցությունը» խորագրով կոնֆերանսում:
Կրտսեր Ալիևը հոխորտացել է, թե Զանգեզուրը հին ադրբեջանական տարածք է. «Զանգեզուրը Հայաստանին է փոխանցվել 1920 թվականին, 101 տարի առաջ: Մինչև այդ այդ տարածքը պատկանել է մեզ: Երբ ես ասում եմ Գյոյչա, նրանք այժմ դա անվանում են Սևան: Սա բացարձակ ճշմարտություն է: Բավական է նայել 20-րդ դարի սկզբի քարտեզը, այնտեղ դուք չեք տեսնի Սևանը: Այնտեղ դուք կտեսնեք Գյոյչան: Նույնը Իրեվանը: Նրանք ավիրել են Իրեվանի պատմական հատվածները: Սա ակնհայտ փաստ է, որ այստեղ ադրբեջանցիներ են ապրել. այդ թվում իմ նախնիները»,- ասել է նա:
Ալիևը, սակայն, հավելել է, որ ասվածը չի նշանակում, թե իրենք ունեն տարածքային հավակնություններ:
«Ես ասել եմ՝ այո, մենք այնտեղ կվերադառնանք: Ես չեմ ասել, որ մենք այնտեղ կվերադառնանք տանկերով: Ես ասել եմ, որ մենք կվերադառնանք: Դա նշանակում է՝ իսկ ինչո՞ւ ոչ: Եթե մենք վերադառնանք Զանգեզուրի միջանցք, եթե մենք օգտագործենք այդ ճանապարհը, ապա ինչո՞ւ չվերադառնանք Երևան: Ժամանակը կգա, մենք դա կանենք: Ես պատկերացնում եմ իմ դիրքը»: