Հայաստանը չի կարող խանգարել Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը. մենք նրանց կպարտադրենք․ Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին հայտարարություն է արել և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին: Մասնավորապես, Ալիևը Հայաստանին մեղադրել է Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը խոչընդոտելու մեջ: Այս մասին Minval.az–ը:
Նա մասնավորապես ասել է. «Մենք պատրաստ ենք համագործակցել Հայաստանի հետ: Փոխվարչապետներն արդեն քանի՞ անգամ են հանդիպել: Հիմա Հայաստանը հրաժարվում է համագործակցությունից: Հիմա Հայաստանը ցանկանում է խանգարել Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը: Սակայն դա նրանց չի հաջողվի: Մենք նրանց կստիպենք»:
Նրա խոսքով՝ պատերազմի հետևանքներից մեկը, իհարկե, Զանգեզուրի միջանցքն է, որն այսօր քննարկման առարկա է դարձել:
«Զանգեզուրի միջանցքը պատմական նվաճում է: Այն փաստը, որ այս հարցն արտահայտված է եռակողմ հայտարարության մեջ, մեզ համար քաղաքական մեծ հաղթանակ է: Ներկայում ակտիվ աշխատանքներ են տարվում Զանգեզուրի միջանցքի գործունեության ուղղությամբ, կան բազմաթիվ առաջարկներ, տրանսպորտային և կապի բազմաթիվ նախագծեր արդեն իսկ քննարկվում են, և դա մեր հաջորդ պատմական հաջողությունը կլինի»,-հայտարարել է Ալիևը: