ԱԺ դարպասների մոտ մի 5-7 հազար մարդ կհավաքվեր, որոնց մեջ կլինեին մի 500 հոգի «գալավարեզներ»․ Աղազարյանը դիպուկահարներ տեղակայելու մասին
Մարտի 3-ին ընդդիմությունը պատաստ է եղել որոշակի գործողությունների։ Համենայնդեպս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը վստահեցնում է, որ իրավապահները տեղեկություններ են ունեցել այն մասին, որ հնարավոր են սադրիչ գործողություններ։
Մեկնաբանելով՝ ԱԺ–ի բակում լուսաձայնային նռնակներ տեղադրելու ու խորհրդարանի շենքի պատշգամբներում ցուցադրաբար դիպուկահարների տեղավորելու պաշտպանական միջոցառումները, Աղազարյանը նկատեց, որ մտավախություն կար։
Լրագրողների հարցին, թե 2018թ–ին նման մտավախություն ՀՀԿ–ն չունե՞ր, ինչո՞ւ նույն կերպ չվարվեց իրենց հետ, պատգամավորը պատասխանեց. «Դե, մենք վախկոտ ենք, ՀՀԿ–ն վախկոտ չէր»։
Աղազարյանը նկատեց, որ Վազգեն Մանուկյանը կոչեր է հնչեցրել՝ պետական շենքեր գրավելու մասին։ Նա խոստովանում է, որ ԱԺ դարպասների մոտ կարող էր մինչև 7000 մարդ հավաքվեր՝ ընդդիմադիրների կանչով։
«ԱԺ դարպասների մոտ մի 5-7 հազար մարդ կհավաքվեր, որոնց մեջ կլինեին մի 500 հոգի «գալավարեզներ», որոնք կմտնեին խորհրդարան ու կիրականացնեին այն, ինչ իրենք մտմտում են անել այս մի քանի ամիսների ընթացքում։ Իրավապահ մարմիններն ունենալով այդ տեղեկատվությունը, այդ անհանգստությունը, լրացուցիչ ուժեր են կենտրոնացրել, միգուցե շատ նաև, ԱԺ–ի տարածքում, որտեղ այդ պահին պետք է տեղի ունենար հարցուպատասխան կառավարության հետ։ Եվ մեկ–երկու հոգի տեսել են հրազենի փողեր` տեղակայված որոշ տեղերում»,– ասաց Աղազարյանը։