Ուսման վարձի զեղչերը ԵՊՀ-ում կրճատվել են, որոշ դեպքերում՝ հանվել. ԵՊՀ ՈւԽ-ն այդ մասին հայտնել է «ուրախությամբ»
Հետպատերազմական սոցիալական դժվարությունները հասել են Մայր բուհին. կրճատվել են առաջադիմության համար հատկացվող զեղչերը, որոշ դեպքերում՝ հանվել:
Բուհի ուսանողներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, NEWSPRESS.am-ի հետ զրույցում նշեց, որ խնդիրն առաջացել է դեռևս դեկտեմբեր ամսից:
«Դեռ դեկտեմբերից հայտարարություն տարածվեց, որ ուսման զեղչերը պետք է հանվեն ֆինանսական խնդիրների պատճառով, հետո տեղի ունեցավ ուսանողների օնլայն բողոք, և որոշեցին, որ ամբողջությամբ հանվում է 18-18,49 ՄՈԳ ունեցողների ուսման վճարի զեղչը, 18,5-19,49 ունեցողներինը 15-ի փոխարեն դառնում է 10 տոկոս, իսկ 19,5-20 ՄՈԳ ունեցողներինը՝ 20-ի փոխարեն 15 տոկոս»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ԵՊՀ-ի ուսանողական խորհուրդն այդ մասին հայտարարություն էլ է տարածել:
Մեր զրուցակցի խոսքով ԵՊՀ-ի ՈւԽ-ն օնլայն հարցում է կազմակերպել, որին մասնակցել է ուսանողների մեծամասնությունը. «Դրա հիման վրա էլ իրենք որոշեցին, ավելի ճիշտ, իրենց խոսքով, «մեր վրդովմունքը հաշվի առնելով» զեղչը լրիվ չհանեցին, այլ կրճատեցին: Ավելի վաղ որոշվել էր, որ պետք է վերջ տրվեր գերազանցիկության զեղչին՝ պատերազմով և համաճարակով պայմանավորված: Հիմա կրճատել են ու այդպես էլ պահպանվում է: Մենք էլ էլ որևէ ակցիա չենք արել: Հիմա արդեն, որ սկսել ենք դասի գնալ, դիմումներ ներկայացնել գերազանցիկության համար, պարզ դարձավ, որ արդեն գործում է կրճատված տարբերակը: Մեզ՝ ուսանողներիս համար դա, բնական է, նշանակալի գումար է»,- ասաց մեր զրուցակիցը:
Մեր կողմից՝ ուսումնասիրելով տարածված հայտարարությունը, որը ԵՊՀ ՈւԽ-ն տարածել էր, չգիտես ինչու, «ուրախությամբ», նկատեցինք, որ «արդարացման» տեքստում հայտնել են, որ համաճարակով պայմանավորված գրեթե չեն գործել համալսարանին եկամուտներ ապահովող որոշ ենթակառուցվածքներ: Իսկ նույն համաճարակով պայմանավորված չե՞ն խնայվել արդյոք բազում-բազմաթիվ դրամական միջոցներ: Ասենք՝ ջեռուցում, հոսանք, ջուր և այլն: Իսկ խնդրին նայե՞լ են, ասենք, վճարողի՝ ուսանողի դիրքերից: Հեռավար ուսուցում, որը որևէ կերպ համարժեք չէ ֆիզիկական ներկայությանը լսարանում, լավ սովորելու և հետևաբար ուսման զեղչի արժանանալու մոտիվացիայի կորուստ ու ավելացած ուսման վարձ: Եվ նաև դա է պատճառը, որ ուսանողների կողմից դժգոհությամբ է ընդունվել տհաճ նորությունը: