2020թ.-ի հոկտեմբերի 16-ին Իրանի դեսպանը հանդիպե՞լ է արդյոք վարչապետի հետ. Ղազինյանն «Իսկանդեր»-ների սկանդալի ֆոնին մի քանի հարց է հղել
«Իսկանդեր»-ների սկանդալի ֆոնին մի քանի հարցեր կան, որոնց պատասխանները պետք է գտնի պետական դավաճանության քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը:
«1. 2020թ.-ի հոկտեմբերի 16-ին Իրանի դեսպանը հանդիպե՞լ է արդյոք ՀՀ վարչապետի հետ, թե՞ ոչ;
2. Հանդիպման ժամանակ Իրանի դեսպանն առաջարկե՞լ է հակաօդային պաշտպանության համակարգի միջոցով փակել Արցախի ամբողջ օդը՝ Իրանի զինվորականների անմիջական մասնակցությամբ;
3. Փաշինյանի՝ Իրանի պատժամիջոցների տակ գտնվելու փաստարկին ի պատասխան, դեսպանն առաջարկե՞լ է արդյոք այդ օժանդակությունը տրամադրել 2 օր հետո՝ հոկտեմբերի 18-ին, երբ արդեն վերացված կլինեն Իրանի նկատմամբ զենքի վաճառքի սահմանափակումները;
4. Ի՞նչ հիմքով և նպատակով է Նիկոլ Փաշինյանը մերժել մեր բարեկամ Իրանի այս առաջարկը, որի շնորհիվ հնարավոր կլիներ բեկում մտցնել ճակատում, փրկել Արցախն ու մեր հազարավոր զինվորների կյանքը:
Հ.Գ. Հարկ է նշել, որ Իրանին պետք էր փորձարկել իր հակաօդային պաշտպանության համակարգը թուրքական Բայրաքթարների և իսրայելական ԱԹՍ-ների դեմ»,-գրել է Ղազինյանը: