Այս կառավարությունը պետք է հրաժարական տա, բայց դա չի նշանակում, որ պետք է ամբողջ հանրային կարգը տապալել. ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ն՝ ցուցարարներին

Եերևանի պետական համալսարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Արդեն մի քանի օր է՝ «Հայրենիքի փրկության շարժումը» վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ է իրականացնում: Այսօր շարժման ներկայացուցիչները մտել են ԵՊՀ, հանդիպել ռեկտորի հետ և կոչով դիմել ուսանողներին ու դասախոսներին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիայի մասնակիցները մտել են Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենք, շրջել շենքում՝ վանկարկելով «Առանց Նիկոլ Հայաստան», «Դավաճան Նիկոլ», «Ուսանո՛ղ, միացի՛ր»:
Նրանք Կենտրոնական մասնաշենքի միջանցքում հանդիպեցին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հետ, որը, պատասխանելով ցուցարարների հարցին, ասաց, որ իր կարծիքը նոյեմբերի 20-ին հայտնել է. «Այս կառավարությունը պետք է հրաժարական տա, բայց դա չի նշանակում, որ պետք է ամբողջ հանրային կարգը տապալել: Հիմա դուք տապալում եք»:
Հանդիպումից հետո ակցիայի մասնակիցները շրջում են ԵՊՀ միջանցքներում և իրենց միանալու ու դասադուլ անելու կոչեր հնչեցնում»: