Դիտավորություն՝ կազմակերպված իշխանության կողմի՞ց. ինչո՞ւ հարձակվեցին լրագրողի վրա (տեսանյութեր)
«Ազատության» լրագրողի հետ տեղի ունեցածը միանշանակ դատապարտելի է՝ երկրորդ կարծիք լինել չի կարող․․․ Բայց պետք է կատարվածը մի քանի կողմից դիտարկել։
Նախ պետք է նկատել, որ երկրի գլխավոր գերագույնն ինքն է սերմանում ատելության քարոզչություն ու մասնավորապես լրագրողների նկատմամբ ագրեսիվ վերաբերմունք և անվստահություն։ Նա անգամ բեմադրություններ էր կազմակերպել, իբր թե մարդիկ իրենից պահանջում են փակել որոշ լրատվամիջոցներ․․․ Նիկոլն անգամ չընդդիմացավ, չհակաճառեց՝ պարզապես ասելով, թե «դուք պետք է փոխեք ալիքը․․․ մի նայեք․․․», ասաց ու փակեց armnews-ը՝ թողնելով այն միայն մայրաքաղաքի հեռուստադիտողների համար․․․
Այլ կերպ ասած՝ հասարակության անկարգությունը գալիս է երկրի ղեկավարի անկարգությունից․․․
Մյուս կողմից էլ հիմնավոր կասկածներ կան ասելու, որ կատարվածը դիտավորություն էր՝ կազմակերպված իշխանության կողմից, որի նպատակն ակնհատ է․ միջազգային հանրությանը ցույց տալ, թե վարչապետի դեմ դուրս են եկել վայրենիներ և «ընդդիմությունը նման վայրենիների վրա է հույսը դնում․․․» (մեջբերում պրոիշխանական լրատվամիջոցներից մեկի աշխատակցի ՖԲ էջից)․․․
Այսինքն՝ փողոց են դուրս եկել վայրենիներ և ոչ թե հայրենիքի փրկության համար մտահոգված ու այն կորցնելու մտավախությամբ լցված մարդիկ, ու եթե Փաշինյանը գնա՝ գալու են այդ «վայրենիները»․․․
Այս նույն տրամաբանության մեջ են իշխանության բոլոր բեմադրությունները՝ կապված նոյեմբերի 9-ին կառավարության և դարձյալ «Ազատության» շենքերի վրա հարձակումները, Լյուսյա տատիկը, զոհված զինվոր Աբաջյանի կեղծ պապիկը, Ծիծեռնակաբերդ գնացող տարեց մարդը և նման այլ բեմականացումներ․․․
Եթե այդպես չէ, ապա ինչո՞ւ այդ նույն ոգևորությամբ, պրոիշխանական լրատվամիջոցների մեր հարգելի գործընկերները չեն լուսաբանում ու չեն դատապարտում բռնությունը, երբ Նիկոլ Փաշինյանի աջակիցներն են հարձակվում լրագրողների վրա։ Ինչո՞ւ նրանց «փողոցային խուժան» չորակեցին, երբ իրականում այդ խուժանը քաշքշում էր, օրինակ, հենց իմ՝ NEWSPRESS.am-ի լրագրողիս բեյջը ու փորձում խլել նկարող սարքը․․․ կամ ինչո՞ւ որևէ կերպ չանդրադարձավ կառավարության դիմաց Yerkir.am-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպին, երբ նրա նկատմամբ ագրեսիվ վերաբերմունք դրսևորեցին Փաշինյանի աջակիցները․․․
Ինչո՞ւ որևէ նմանատիպ այլ հարձակումներ ու ագրեսիվ մոտեցումներ լրագրողների նկատմամբ չի լուսաբանվում, ինչո՞ւ մեր հարգելի գործընկերները մեկ տողով չլուսաբանեցին Փաշինյանի օրոք հացադուլ հայտարարած ու բանտում մահացած HayNews.am կայքի պատասխանատու, լրագրող Մհեր Եղիազարյանի մասին․․․
Ի վերջո, ինչո՞ւ հենց նույն այդ օրը տեղի ունեցած նմանատիպ մեկ այլ միջադեպի չանդրադարձան, երբ ոստիկաններն անզեն քաղաքացիներին սկսեցին բերման ենթարկել ու, իրենց բիրտ ու անմարդկային գործողությունների ժամանակ, տառացիորեն գետնին տապալեցին լրագրողին․․․
Այո՛, լրագրողների աշխատանքը բոլոր խոչընդոտողները պետք է պատժվեն, բայց լավ կլիներ, որ լիներ նաև օբյեկտիվ մոտեցում, և պատասխանատվություն կրեին բոլոր նրանք, ովքեր ցանկացած տիպի ագրեսիվ վերաբերմունք են դրսևորում լրատվամիջոցների աշխատողների նկատմամբ․․․
Իսկ պրոիշխանական լրատվամիջոցներն էլ պետք է անդրադառնային այդ ամենին։ Կարող էին չէ՞ լուսաբանել, դատապարտել, որպեսզի այդ իրավիճակները, գոնե նոր իշխանության օրոք նախադեպ չդառնան․․․ չարեցին․․․
Արմինե Մկրտումյան