Օդանավում ուղևորներ չեն եղել. Քաղավիացիան կրկին պարզաբանում է տարածել՝ կապված «Boeing 737»-ի հետ
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն թվով երկրորդ պարզաբանումն է տարածել կապված մամուլում շրջանառվող լուրերի հետ, առ այն, որ Հայաստանում գրանցված ամերիկյան արտադրության «Boeing 737» ինքնաթիռ է հայտնվել Իրանում:
«Հարգելի՛ քաղաքացիներ,
Հաշվի առնելով հանրության մոտ առաջացած մի շարք հարցերը, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ նշված օդանավում ուղևորներ չեն եղել, իսկ օդաչուներն եղել են օտարերկրյա քաղաքացիներ:
Թռիչքը կրել է տեխնիկական բնույթ, վայրէջքի մասին տեղեկատվությունը քննության փուլում է:
Չարտոնված թռիչքուղու և չարտոնված վայրէջքի վերաբերյալ Կոմիտեում ընթանում է քննություն:
Ելնելով քննության շահերից՝ Կոմիտեն կտեղեկացնի վերջնական արդյունքների մասին, քննության ավարտից հետո»,-ասվում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հայտարարությունում:
Նշենք, որ քիչ առաջ տելեգրամյան ալիքներից մեկը նյութ էր հրապարակել «Միջազգային սկանդալ. Հայաստանը ամերիկյան ինքնաթիռ է փոխանցել/վաճառել Իրանին» վերատառությամբ: