Հայաստանը Եվրոպա չէ իր մշակույթով ու մենթալիտետով ու երբեք էլ չի եղել. Դանիելյան

Հայաստանը Եվրոպա չէ և այդ մտքի հետ պետք է հաշտվել: Նախ, չի կարող երկու միլիոնանոց երկիրը, որն անկարող է ինքնուրույն ապահովել իր անվտանգությունը, չունի և չի էլ կարող ունենալ ինքնաբավ շուկա, որը Ռուսաստանի ազդեցության գոտին է, իսկ հարևաններն են Իրանը, Թուրքիան, չի կարող լինել Եվրոպա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Երկրորդ, Հայաստանը Եվրոպա չի իր մշակույթով ու մենթալիտետով ու երբեք էլ չի եղել: Պատմության մի կարճ ժամանակում Կիլիկիան է եղել եվրոպական մշակույթի կրողն ու քաղաքական համակարգի բաղկացուցիչ մասը, սակայն այն արդեն չկա ու չլինելու պատճառներից մեկն էլ հենց այն էր, որ Կիլիկիան հարևան մուսուլմանների, հարևան ուղղափառների ու արևելյան մյուս քրիստոնյաների կողմից դիտարկվում էր որպես խորթ տարր ու վտանգ իրենց համար որպես Արևմտյան քրիստոնեության բաղկացուցիչ մաս: Եվրոպական Կիլիկիան խորթ մարմին էր այս տարածաշրջանում ու դրա համար լիկվիդացվեց:
Երրորդ, ինքը Եվրոպան արդեն ինքնաբավ մշակույթ չէ ու պարզ չի, թե ուր է գնում ու առհասարակ, ինչ է այսօր իրենից ներկայացնում: Նաև նշենք, որ անգամ Եվրոպան ինքը չի կարող ապահովել իր անվտանգությունը և հույսն ամերիկյան անվտանգության համակարգի է վրա դրել ու արդյունքում հրաժարվել իր քաղաքական ու մշակութային ինքնուրույնությունից:
Դա չի նշանակում, որ մենք պետք է Եվրոպան դիտարկենք որպես խորթ մշակույթ: Ճիշտ հակառակը, պետք է հարաբերվենք, սովորենք իրենց մշակույթն, տեխնոլոգիաները և այլն: Նաև նույն կերպ վերաբերվենք օրինակ Չինաստանին և այլն: Սակայն ֆիքսենք, որ մենք Եվրոպա չենք ու երբեք էլ չենք եղել ու դա ոչ թե թերություն է, այլ առավելություն, հակառակ դեպքում որն է մեր արժեքը: Մեր արժեքը սեփական մշակույթն ու մենթալիտետն է, որն ունի բազմաթիվ բացասական, անգամ նողկալի դրսևորումներ, որից պետք է հրաժարվենք:
Պետք չի ամաչել սեփական էությունից, պետք չի հրաժարվել ինքնությունից ու ուրիշներին նմանակել, յուրաքանյուր մարդ ու ժողովուրդ ունի իր ուրույն ճանապարհը, այլապես որն է բազմազանության ու սեփական ինքնություն ունենալու իմաստը:
Եթե, օրինակ, Իսրայելն իրեն Եվրոպա համարեր ու ձգտեր դառնալ Եվրոպայի մասնիկն, այսօր չէր էլ լինի ու լինելու իմաստն էլ չէր լինի:
Ֆիքսենք ու գտնենք մեր տեղն այնտեղ, որտեղ որ կանք և ինչ որ կանք»,- գրել է Դանիելյանը: