«Հոգնել եմ՝ գնում եմ քնեմ, կես ժամ ա մնացել... առավոտյան 10-ին կզանգեմ». Գևորգն այլևս չզանգեց. նրա մահից հետո ծնվել է որդին (վիդեո, ֆոտո)

Այս թեմայով
- Բանակում զոհված զինվորի թողած գրությունը նրա ձեռագրով չի արված. թղթի վրա կա 4 անձի մատնահետք (տեսանյութ)
- «Ուշքի արի, պարոն Փաշինյան»․ զինվորի հայրը պնդում է, որ որդուն սպանել են, վկային ստիպել են լռել (տեսանյութ)
- Հակառակորդի կրակոցից Հայաստանում զինվոր է զոհվել
- Հակառակորդի կրակոցից զոհված 20-ամյա զինվորը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
Արցախյան պատերազմում զոհված զինծառայող Գևորգ Մարգարյանը բանակ էր զորակոչվել 2020 թվականի հուլիսի 14-ին: 2.5 ամիս էր ծառայում, երբ սեպտեմբերի 27-ին սկսվեց Արցախյան 3-րդ պատերազմը:
Գևորգի քույրը՝ Սուսաննա Մարգարյանը, NEWSPRESS.am-ի հետ զրույցում նկատում է, որ ընդհանրապես Գևորգի կյանքում 27 թիվը միշտ ճակատագրական է եղել: Նա ծնվել է 2002 թվականի փետրվարի 27-ին: Իր 18-ամյակի օրը՝ 2020 թվականին, Գևորգն ամուսնացել է սիրած աղջկա հետ:
Սուսաննան անկեղծանում է, որ ծնողները դեմ են եղել այդքան վաղ ամուսնությանը, բայց երևի ճակատագիրն էր այդպես: Գևորգը պետք է իրենից հետո ժառանգ թողներ: Մայիսին արդեն իմացել են՝ Գևորգն ու իր սիրելին երեխային են սպասում: Քույրը հիշում է.
«Երջանիկ էր Գևորգը: Այնքան շատ էր ուրախացել»:
Գնաց բանակ Գևորգը: Սեպտեմբերի 27-ին պատերազմ սկսվեց, նա Հադրութում է եղել: Հոկտեմբերի 26-ի գիշերը՝ լույս 27-ի առավոտյան՝ մահացել է նա, իսկ դեկտեմբերի 27-ին էլ ծնվել է նրա որդին՝ Տիգրանը:
Պատերազմի օրերին նրա կինը՝ Թագուհին, հարցրել էր Գևորգին, թե երեխայի անունը ինչ դնեն, ասել էր՝ Արսեն, քանի որ այդ օրերին զինակից ընկերն էր զոհվել՝ Արսեն անունով: Հրամանատարը նրան նույնիսկ խոստացել էր թույլ տալ գնալ տուն երեխայի ծնվելու ժամանակ, բայց նա այդպես էլ երեխային չտեսավ: Ու քանի որ արդեն զոհվածների անունները շատ էին, ու զոհվել էր ինքը՝ երեխայի հայրը, ուստի երբ երեխան ծնվեց՝ ընտանիքում որոշեցին նրա անունը Տիգրան դնել, որ Տիգրան Մեծի նման ուժեղ լինի:
«Շատ է նման իր հայրիկին, շատ»,-ասում է քույրն ու նկատում՝ Տիգրանի Գևորգի մի մասնիկն է:
Գևորգը պատերազմի օրերին միշտ զանգել է: Հարցնում էր ինչպես են հարազատները, իրենից էր պատմում, բայց երբեք ընկճված չէր խոսում: Քույրը հիշում է, որ միշտ լավատեսորեն է մոտեցել ու վստահ է եղել, որ ամեն ինչ լավ է լինելու:
«Խոսում էր, խաբում, թե ամեն ինչ կարգին է: Բայց հետո իմացել ենք, որ հետախուզության էլ է գնացել»,-ասում է քույրը:
Նա նաև նկատում է, իր զանգերի ընթացքում, ամենաերկարը խոսել է մահվան նախօրեին: Սուսաննան այսօրվա նման է հիշում. հոկտեմբերի 25 էր, զանգեց իրեն ու երկար խոսեց: Ծիծաղում էր, կատակում ու էլի իր լավատեսությունն էր փոխանցում իրեն: Իսկ վերջում խոստացել է վաղն առավոտյան՝ ժամը 10-ին զանգահարել:
«Այդ օրից հետո, երբ վերլուծում եմ, միայն այդ օրն էր, որ ասաց՝ Սուս, հոգնել եմ՝ գնում եմ քնեմ, կես ժամ ա մնացել, հանգստի ժամին, քնեմ... հեռախոսիդ ուշադիր կլինես՝ վաղը առավոտ՝ ժամը 10-ին, կզանգեմ... արդեն ուզում էի անջատեմ, ասաց՝ Սուս, ասացի հա ջան, ասաց՝ Սուս, ես քեզ շատ եմ սիրում, ասացի ես էլ՝ Գևս ու սպասում եմ անհամբեր, ասաց ես էլ քեզ, դե կզանգեմ»:
Դա եղել է Գևորգի վերջին զանգը, նա այլևս չի զանգահարել: Քույրը ուզում է հավատալ, որ Գևորգն իրեն սպասող վտանգի մասին չէր կանխազգացել, «եթե զգար՝ չէր խոստանա, որ վաղը կզանգի»,-մտածում է նա:
Սակայն փաստն այն է, որ զինվորը պատերազմի ամբողջ ընթացքում իրավիճակի մասին չի պատմել, որ ընտանիքում չանհանգստանան: Իսկ այդ ընթացքում նա նա ընկերներ է կորցրել:
Պատմում են, որ այդ օրն էլ Գևորգի ընկերներից ևս 3-ը մահացել են: Ընկերները կրակների մեջ են մնացել, նա նետվել է, որ հանի տղերքի դիակները: 2-ին բերել է: Նրան զգուշացրել են, որ պետք չէ վերադառնալ, վտանգավոր է, բայց նա չի լսել: Առանց զոգուշացնելու՝ գտել է պահն ու դարձյալ գնացել ընկերոջ մարմինի հետևից ու այլևս հետ չի եկել:
«Հարվածը դիմացից է եղել, բեկորն անմիջապես սրտին է կպել»,-ասում է քույրը:
Նույն օրը նրա մարմինը տեղափոխել են և հասցրել ընտանիքին: Նրան փառքով հուղարկավորել են:
«Նույն ժպիտը դեմքին, նույն Գևս»,-ասում է քույրն ու ցավով նկատում, որ փետրվարի 27-ին, եղբոր ծննդյան 19-ամյակին որդին գնալու է հոր գերազմանին:
Գևորգը երաժիշտ էր։ Ծառայությունն ավարտելուց հետո ցանկանում էր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա ընդունվել։



















