Իշխանությունները բանակն էլ են բաժանել հնի ու նորի. Սեյրան Օհանյան (տեսանյութ)
Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ելույթով հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Նա մասնավորապես ասաց. «Այն արժեքները, որ ձեռք էինք բերել այս 30 տարիներին, բավարար էին, որ մեր պատմությունը կերտենք ու գնանք առաջ: Մեր բանակն օրեցօր կատարելագործվել է և ճիշտ չէ այս պարտությունը գցել բանակի վրա: Սակայն, այսօր բանակը մնաց առանց թիկունքի: Համոզված ենք, որ շարքայինները, հրամանատարները քաջաբար կռվել են, իրենց կյանքն են տվել հայ ժողովրդի արժանապատվության համար»:
Սեյրան Օհանյանի խոսքով՝ իշխանությունները հնի ու նորի բաժնելով, պառակտելով հասարակությունը, բանակն էլ են բաժանել հնի ու նորի:
«Տեղեկացնեմ, որ ԳՇ պետ Մովսես Հակոբյանին փոխելու ժամանակ, երբ նա հրաժարվում էր, անօրինական քայլ է կատարվել ԶՈՒ ԳՇ-ի և ԳՇ պետի նկատմամբ: Ինչպե՞ս հասկանալ, երբ այս իշխանությունների ղեկավարը հրավիրում և ԳՇ պետին ասում է՝ ես ուզում եմ ազատվել բոլոր հներից: Ի՞նչ է նշանակում հին բանակում: Դա նշանակում է տարիքով անձնավորություն համապատասխան գիտելիքներով, հմտություններով: Դա նշանակում է բարձր պաշտոնատար անձ, ով անցել է ծառայողական աստիճանով եւ ավելի լավ է տիրապետում այսօրվա ռազմական թատերաբեմը, ավելի լայն աշխարհայացք ունի»,-իր խոսքում նշեց Սեյրան Օհանյանը: