ԵԱՏՄ-ին Իրանի անդամակցության նշանակությունն ու Հայաստանի նոր հնարավորությունները
ԵԱՏՄ-ին Իրանի անդամակցության նշանակությունն ու Հայաստանի նոր հնարավորությունների մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արևելագետ Արմեն Պետրոսյանը:
«Թեհրան-Վաշինգտոն հարաբերությունների համատեքստից բացի, ԵԱՏՄ-ին Իրանի անդամակցության հնարավորության շուրջ քննարկումների ակտիվացումը, միանշանակորեն, պայմանավորված է նաև արցախյան վերջին պատերազմի հետևանքով տարածաշրջանում նախկին ուժային հավասարակշռության խախտման իրողությամբ։
Միանշանակ է, որ Թուրքիա-Ադրբեջան տանդեմի արձանագրած ոչ միայն ռազմաքաղաքական, այլև ռազմավարական և տնտեսական ժամանակավոր առավելությունը, տարբեր հարթություններում նրանց «առաջնորդությամբ» դրսևորվող նախաձեռնողականությունն ուղղակի սպառնալիք է տարածաշրջանում կենսական շահեր ունեցող դերակատարների, հատկապես՝ Ռուսաստանի և Իրանի համար, որոնցից յուրաքանչյուրը, ավաղ, միայնակ չի կարող դիմակայել թյուրքական գործոնով պայմանավորված նոր մարտահրավերներին։
Հետևաբար, տարածաշրջանում ակտիվացած տնտեսական նախաձեռնությունների համատեքստում Իրանի՝ ԵԱՏՄ-ին հնարավոր անդամակցության պարագայում միանշանակորեն կարող է ձևավորվել դիրքային նոր հարաբերակցություն՝ 3:2,5 (0,5՝ Վրաստանի մանևրային հնարավորություններն օբյեկտիվորեն խիստ սահմանափակ են) ձևաչափով, որտեղ միանշանակ առավելությունը Ռուսասատան-Իրան-Հայաստան կողմինն է լինելու։
Զարգացումների նման ընթացքի հնարավորությունը ուղղակիորեն բխում է Հայաստանի շահերից՝ ներկայում ռազմավարական և տնտեսական հարթություններում սեղմված թյուրքական «աքցանն» առավել արդյունավետությամբ ճեղքելու հարցում։ Հետևաբար, չնայած որոշ տնտեսական մարտահրավերներին, այնուամենայնիվ, Երևանը պետք է հնարավոր բոլոր ուղղություններում դրսևորի ակտիվ միջնորդական, նախաձեռնողական դերակատարում՝ ներկայում դեռևս ծավալվող քննարկումների շուրջ օր առաջ առարկայական օրակարգ ձևավորելու նպատակով։
Նման իրավիճակը լավագույն հնարավորություն է նաև տարածաշրջանի կապուղիների ապաշրջափակման գործընթացը հնարավորինս հայաստանամետ հուն տեղափոխելու համար, հատկապես, երբ և՛ հյուսիսից(աբխազական երկաթուղու գործարկումը), և՛ հարավից (Ջուլֆա-Նախիջևան երկաթուղու վերագործարկման կարևորության շեշտադրումը) հնչող ուղերձները հենց զարգացումների նման սցենարի օգտին են»,-գրել է Պետրոսյանը: