26-ամյա Սերգեյը զոհվեց, որովհետև զրահաբաճկոն չուներ. նա պաշտպանում էր Շուշին
Սերգեյ Շաքրիկյանը մեկն էր հազարավոր այն ոստիկաններից, ովքեր Արցախյան երկրորդ պատերազմին մասնակցեցին ոստիկանության զորքերի կազմում։ Կրտսեր սերժանտ էր Արմավիր քաղաքից։ Այս մասին գրում է Հավերժ զինվոր մնացին տելեգրմյան ալիքը:
Պատերազմի առաջին օրերից Սերգեյն ընկերների հետ մարտեր մղեց Ջրականում (Ջեբրայիլ), Հադրութում և Շուշիում։ Այստեղ էլ ընկավ նոյեմբերի 5-ին՝ պաշտպանելով հայոց բերդաքաղաքը։
Սերգեյը զոհվեց վայրկյանների ընթացքում... արկի բեկորը վնասել էր աորտան։ Սերգեյը զոհվեց, որովհետև զրահաբաճկոն չուներ։
Իսկ ոստիկանությունն այնքան էր «հարգում» իր աշխատակիցներին, որ միայն դեկտեմբերի 25-ին, այն էլ մամուլում աղմուկ բարձրանալուց հետո միայն Սերգեյի ու զոհված ևս 67 ոստիկանի անուն ներկայացրեցին հանրությանը։ ՊԲ-ի ներկայացրած ցուցակներում նրա անունն այդպես էլ չհայտնվեց։
Սերգեյն ընդամենը 26 տարեկան էր։