Ինձ աշխատանքից չեն հանել, ես Արցախի նախագահի խոսնակը չեմ եղել. Վահրամ Պողոսյան
Վահրամ Պողոսյանի խոսքով` ինքը համատեղության կարգով կատարել է որոշակի պարտականություններ, բայց երբեք որպես նախագահի խոսնակ չի աշխատել:
Վահրամ Պողոսյանը հայտարարել է, որ ինքը երբեք չի եղել Արցախի նախագահի խոսնակը: Այս մասին գրում է «Հայկական ժամանակը»։
«Արցախի նախագահի խոսնակի հաստիքը տևական ժամանակ թափուր է եղել։ Ես Արայիկ Հարությունյանի խոսնակը չեմ եղել: Ուղղակի ընկալումն է եղել էդպիսին»,–ասել է Պողոսյանը:
Նշենք, որ Վահրամ Պողոսյանը Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետն է և նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը:
«Ինձ աշխատանքից չեն հանել, նախագահը մամուլի խոսնակ չի ունեցել, հիմա արդեն ունի: Ես ուղղակի համատեղության կարգով կատարել եմ այդ պարտականությունը, բայց երբեք որպես խոսնակ չեմ ներկայացել: Պարզապես լրատվամիջոցներն են էդպես գրել»,-ասել է Պողոսյանը:
Հիշեցնենք, որ այսօր Լուսինե Ավանեսյանը նշանակվել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար։