«Ես նման տիգրանաշենցի չեմ ճանաչում․․․ օդի մեջ եղած խոսակցություն է»․ Պարույր Սևակի համայնքապետի Ժ/Պ-ն՝ Տիգրանաշենը դատարկելու և թշնամուն հանձնելու մասին
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Նիկոլ Փաշինյանի` Արարատի մարզ կատարած այցի ժամանակ, վերջինս առանձին հանդիպում է ունեցել մարզային ղեկավարների հետ ու քննարկել Տիգրանաշեն գյուղի (Քյարքիի) հետագա ճակատագրի հարցը:
Թե կոնկրետ ինչ ուղղությամբ է ընթացել զրույցը, թերևս դեռ կբարձրաձայնվի, բայց փաստ այն է, որ դրանից հետո՝ Տիգրանաշենի ավելի քան 180 բնակիչների շրջանում սկսել են խոսակցություններ պտտվել, որ Փաշինյանի կողմից հրահանգվել է առաջիկայում դատարկել գյուղը, որպեսզի այն հանձնվի թշնամուն:
Չնայած գյուղում շրջանառվող այս խոսակցություներին՝ Պարույր Սևակի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Լյուդվիգ Ստեփանյանը չի հանդիպել որևէ մի տիգրանաշենցու, որից նման մտահոգություն լսած լինի։
«Ես նման տիգրանաշենցի չեմ ճանաչում, որ նման հարց բարձրացրած լինեին, եթե ասեին՝ այլ կերպ կշարժվեինք, բայց չկա իմ մոտ նման մարդու անուն, որը կարող էր նման հարց բարձրացրած լինել։ Ես չգիտեմ՝ ո՞վ է և ո՞ւմ է ահազանգել, բայց մենք նման տեղեկություն չունենք»,-NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց Լյուդվիգ Ստեփանյանը։
Նա վստահ է որ Տիգրանաշենը դատարկելու կամ մարդկանց տարհանելու հետ կապված խոսակցություն չի կարող եղած լինել։ Ըստ նրա՝ սա օդի մեջ եղած խոսակցություն է, որը չի կարող մեկնաբանել։
«Հարգելի՛ս, ես նման տեղեկություն չունեմ: Ես ինչպե՞ս կարող եմ ասել, որ եղել է նման բան։ Ես վստահ եմ, որ այս ամբողջն ապատեղեկատվություն է»,-ասաց համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարը՝ հիշեցնելով, որ ինքն ընդամենը մի քանի օր պետք է պաշտոնավարի, քանի որ ժամանակավոր պաշտոնակատար է։
Հիշեցնենք նաև, որ դեռ հունվարի սկզբին մամուլում տարածվել է վերլուծություն, ըստ որի՝ մտավախություն կար, որ Շուռնուխ գյուղից հետո թշնամուն է հանձնվելու Տիգրանաշենը։
Հեղինակները վկայակոչում էին Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) դեռևս մեկուկես ամիս առաջ հրապարակած հաղորդագրությունը, որտեղ սևով սպիտակին գրված է, որ Երասխից բացի նաև Պարույր Սևակ գյուղում են անցակետ տեղադրելու․․․
Արմինե Մկրտումյան