«30 տարի բանակ չենք ունեցել». Անուշ Բեղլոյան (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը Որևէ միջազգային պարտավորեցնող փաստաթուղթ չի ստորագրել, դա ընդամենը հնարավորության քննարկում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց
ԱԺ իմքայլակական պատգամավոր Անուշ Բեղլոյանը:
«Փոխվարչապետների մակարդակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պարտավորեցնող որևէ բան չունի: Ամեն վայրկյան կարող ենք դրանից կա՛մ հրաժարվել, կա՛մ իրականացնել»,- նշեց նա:
Հարցին՝ ինչո՞ւ ՀՀ իշխանությանը չի հաջողվում լուծել հայ ռազմագերիների հարցը, Անուշ Բեղլոյանը հարցով պատասխանեց. «Ես էլ կարող եմ հարցնել, թե ինչո՞ւ ՀՀ նախկին իշխանություններին չհաջողվեց 30 տարվա ընթացքում լուծել Արցախի հարցը ի նպաստ Հայաստանի: Այս պահին Ադրբեջանի վրա միջազգային հանրության ճնշումը մեծ է հայ գերիների հարցով»:
Մեր դիտարկմանը, որ նախկին իշխանություններն Արցախի հարցը չեն լուծել, բայց գոնե ժողովրդից գաղտնի կապիտուլյացիոն թուղթ չեն ստորագրել, Անուշ Բեղլոյանը նշեց, որ լրատվական դաշտում վերջին բացահայտումները պաշտոնյաների կողմից այդ պնդումը խնդրահարույց են դարձնում:
«Այսօրվա իշխանությունը չհանձնեց Արցախը, այսօրվա իշխանությունը ժառանգություն ստանալով՝ որպես փլատակներ… Ստացվում է, որ մենք էլ բանակը զրոյական կետից ենք սկսել կառուցել, մենք 30 տարի բանակ չենք ունեցել: Մենք բանակ ենք ունեցել, որի մարտունակությունը 30 տարվա ընթացքում ավելի բարձր է գնահատվել նախկին իշխանության կողմից, քան թե փորձը ցույց տվեց, որ ինքը գոյություն ունի: Դուք ասում եք՝ իշխանությունը հանձնեց Արցախը, ես էլ ասում եմ, որ ռազմական պարտության ընթացքում կորցրեց իր որոշ մասը»: