Վստահ եմ՝ համատեղ ջանքերով կկարողանանք ամրապնդել մեր փոխշահավետ համագործակցությունը․ ՀՀ ԱԳ նախարարը՝ Իրանի ԱԳ նախարարին
Հայ-իրանական օրակարգը, իրապես, բավական ընդգրկուն է՝ հիմնված մեր երկու ժողովուրդներին միավորող դարավոր բարիդրացիական հարաբերությունների վրա: Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն ասել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը։
«Մեր միջեւ բարեկամությունը միջմշակութային երկխոսության և տարբեր կրոնների ու քաղաքակրթությունների՝ կողք կողքի ապրելու լավագույն օրինակ է, որի հիմքը փոխադարձ վստահությունը եւ փոխադարձ հարգանքն է: Հենց դա է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հասնելու բանալին»,-ասել է ԱԳ նախարարը:
Նրա խոսքով՝ Հայաստանը կարեւորում է Իրանի հետ առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, սերտ առեւտրատնտեսական կապերը, համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:
«Այս հանդիպումը լավ առիթ է մտքեր փոխանակելու բազմաոլորտ փոխգործակցության հեռանկարների շուրջ, ուրվագծելու առաջիկա քայլերը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք առավել ամրապնդել եւ զարգացնել մեր փոխշահավետ համագործակցությունը»: